Փարիզ․ ԼՂ-ում զինադադարի հարցով միջնորդել է Ֆրանսիան

Փարիզ․ ԼՂ-ում զինադադարի հարցով միջնորդել է Ֆրանսիան

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի Ելիսելյան պալատը ողջունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հոկտեմբերի 18-ի կեսգիշերից հայտարարված մարդասիրական զինադադարը, որին հաջողվել է հասնել նաև «Փարիզի միջնորդությամբ»։

«Հանրապետության նախագահը ողջունում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ կոորդինացված ֆրանսիական միջնորդությունից հետո Հայաստանի և Ադրբեջանի կողմից համատեղ հայտարարված մարդասիրական զինադադարը։ Այն պետք է անվերապահորեն և խստորեն պահպանվի երկու կողմից», - ասվում է հաղորդագրության մեջ։

Ինչպես հայտնում է AFP-ն՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին հղումով՝ «երկու կողմը պետք է զինադադարը պահպանեն խստորեն և առանց նախապայմանների»: Նա նշել է նաև, որ իր երկիրը հետևելու է մեծ ուշադրությամբ և շարունակելու է ներգրավված մնալ։

Մակրոնը տեղեկացրել է, որ հոկտեմբերի 17-ին մի շարք հեռախոսազրույցներ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Ավելի վաղ հայտարարվեց, որ Հայաստանը և Ադրբեջանը որոշել են հոկտեմբերի 18-ին՝ տեղական ժամանակով 00:00-ից, հաստատել մարդասիրական զինադադար։ Նշվում է, որ որոշումը կայացվել է՝ ի շարունակություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ներկայացնող Ֆրանսիայի, Ռուսաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահների հոկտեմբերի 1-ին արված հայտարարության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հոկտեմբերի 5-ի արված հայտարարության և համաձայն հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ընդունված համատեղ հայտարարության:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։

 Ուշագրավ
«Կանգնած ենք սարի պես, մինչև վերջ կանգնելու ենք»,- ասել է նա
Ըստ քաղխորհրդի՝ Արցախի միջազգային ճանաչումը և բնակչության ինքնորոշումը հակամարտության միակ մշտական լուծումն են
Ցույցի մասնակիցները պատրաստվում են շարժվել Եվրապարլամենտ
ՄԻԵԴ-ը բացառել է ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի գործով վճռի վերանայման հնարավորությունը