20 փետրվարի 2009 - 12:11 AMT
«Արեւելյան գործընկերությունը» նոր հնարավորություններ կբացի ԵՄ երկրների հետ Հայաստանի համագործակցության զարգացման համար
Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունները շարունակում են զարգանալ թե բազմակողմ, թե անդամ երկրների հետ երկկողմ ձեւաչափերով: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի հետ հանդիպմանը: Զրուցակիցները քննարկեցին «Արեւելյան գործընկերության» առաջարկը ու հույս հայտնեցին, որ այդ ձեւաչափով համագործակցությունը նոր հնարավորություններ կընձեռի Եվրոպական կառույցների հետ եւ ԵՄ անդամ երկրների հետ փոխգործակցության ընդլայնման համար: Հանդիպմանը անդրադարձ կատարվեց նաեւ Վարշավա եւ Պրահա Հայաստանի արտգործնախարարի կատարած այցերի արդյունքներին:

Նախարար Նալբանդյանն ու դեսպան Սեմնեբին անդրադարձան նաեւ արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացին, մտքեր փոխանակեցին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորությունների վերաբերյալ, հաղորդել է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: