Մնացականյանը Ֆրանսիայի ԱԳ նախարարին տեղեկացրել է` Բաքուն շարունակում է լայնամասշտաբ ագրեսիան

Մնացականյանը Ֆրանսիայի ԱԳ նախարարին տեղեկացրել է`  Բաքուն շարունակում է լայնամասշտաբ ագրեսիան

PanARMENIAN.Net - Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լը Դրիանի հետ հեռախոսազրույցում արձանագրել է, որ Ադրբեջանի ռազմական-քաղաքական ղեկավարությունը հերթական անգամ հրաժարվել է իրականացնել իր իսկ կողմից ստանձնած հանձնառությունը և շարունակում է լայնամասշտաբ ռազմական ագրեսիան Արցախի դեմ:

Զրուցակիցները քննարկել են հոկտեմբերի 17-ին հումանիտար զինադադարի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունից հետո Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակը:

Նախարար Մնացականյանը, բարձր գնահատելով Ֆրանսիայի և նախագահ Մակրոնի անձնական ներդրումը զինադադարի շուրջ պայմանավորվածության ձեռքբերման գործում, վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը կրակի դադարեցման ռեժիմի ամրապնդմանը և հակամարտության խաղաղ կարգավորմանը:

Ավելի վաղ հայտարարվեց, որ Հայաստանը և Ադրբեջանը որոշել են հոկտեմբերի 18-ին՝ տեղական ժամանակով 00:00-ից, հաստատել մարդասիրական զինադադար։ Նշվում է, որ որոշումը կայացվել է՝ ի շարունակություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ներկայացնող Ֆրանսիայի, Ռուսաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահների հոկտեմբերի 1-ին արված հայտարարության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հոկտեմբերի 5-ի արված հայտարարության և համաձայն հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ընդունված համատեղ հայտարարության:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---