ՀՀ նախագահը՝ France 24-ին․Ե՞րբ է միջազգային հանրությունը ճնշում գործադրելու Թուրքիայի վրա

ՀՀ նախագահը՝ France 24-ին․Ե՞րբ է միջազգային հանրությունը ճնշում գործադրելու Թուրքիայի վրա

PanARMENIAN.Net - Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ֆրանսիական France 24 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, անդրադառնալով ԼՂ հակամարտության գոտում թուրքական ներգրավվածությանը, ասել է, որ դա փաստ է։

«Նրանք ունեն F-16 կործանիչներ, ԱԹՍ-ներ, նրանք ակտիվորեն ներգրավված են ռազմական և ոչ ռազմական գործողություններում, քանի որ ռմբակոծում են քաղաքացիական բնակչությանը: Այսքանից հետո ի՞նչ ապացույցներ եք ուզում:

Հարցն ի սկզբանե սխալ է հենց ամենակարևոր ու հիմնական տեսանկյունից՝ ինչո՞ւ է առհասարակ այս պատերազմը ծավալվում, ինչո՞ւ ադրբեջանական կողմը չի դադարեցնում այն, մինչդեռ միջազգային հանրությունը կոչ է անում հրադադար հաստատել, հորդորում է կողմերին վերադառնալ բանակցային սեղան: Եվ, վերջապես, ե՞րբ է միջազգային հանրությունը ճնշում գործադրելու Թուրքիայի վրա, որպեսզի այդ երկիրը դուրս գա այս հակամարտությունից»,-ասել է նա:

Անդրադառնալով Ռուսաստանի դերին ՝ Սարգսյանն ասել է․ «Այն պատճառով, որ Ռուսաստանը Թուրքիայի նման ուղղակիորեն ներգրավված չէ այս հակամարտությունում, ՌԴ-ն կարող է դառնալ անաչառ միջնորդ երկու կողմերի միջև: Սա հենց այն է, ինչ Ռուսաստանը փորձում է անել: Նախագահ Պուտինի հայտարարությունների և քաղաքական որոշումների արդյունքում ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մեկ հարկի տակ է հրավիրել ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներին: Նրանք բանակցեցին ավելի քան 11 ժամ և ստորագրեցին հրադադարի մասին համաձայնագիր: Սակայն հաջորդ օրն ադրբեջանական կողմն ուղղակի դա անտեսեց՝ կրկին ցույց տալով, որ Ադրբեջանի, այս դեպքում՝ հնարավոր է՝ ավելի շատ թուրքական կողմի, շահերից չի բխում պատերազմի դադարեցումը, քաղաքացիներին հրետակոծելը, բանակցություններին վերադառնալը և խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելը»:

Նախագահը հավելել է, որ, ամենայն հավանականությամբ, Թուրքիան բոլորովին այլ ծրագրեր, գաղափարներ ունի, և այդ պատճառով է, որ այդ երկրի ներկայությունն այս հակամարտությունում Ադրբեջանին թույլ չի տալիս հավատարիմ մնալ հրադադարի պահպանման իր խոստմանը:

Պատասանելով Ռուսաստանի ռազմական ներգրավվածության անհրաժեշտություն մասին հարցին՝ Արմեն Սարգսյանն ասել է, որ դրա անրաժեշտությունը չկա։

«Բնավ ոչ: Առաջին հերթին Լեռնային Ղարաբաղի հայերն արդեն իսկ ապացուցել են, որ կարող են պաշտպանել իրենց երկիրը: Դա ապացուցել են նույնիսկ 1990-ականներին առաջին պատերազմի ժամանակ: Երկրորդ, պետք չէ ներգրավել Ռուսաստանին կամ որևէ այլ երկիր: Ռուսաստանին ներգրավելու փոխարեն մենք պետք է խոսենք Թուրքիային բացառելու մասին, որն այս հարցում կործանարար դեր ունի»,- նշել է նա։

ՀՀ նախագահը հավելել է նաև, որ Թուրքիայի իրական մտադրությունը, և սա ասում են նաև շատ վերլուծաբաններ, ամենայն հավանականությամբ, այն է, որ նա ցանկանում է լինել և մնալ Ադրբեջանում՝ էներգետիկ հոսքերը կառավարելու համար:

«Վերջին տարիներին Թուրքիան փորձում է կառավարել էներգետիկ աղբյուրները Կասպից ծովում, Կենտրոնական Ասիայում, որոնք ձգվում են մինչև Եվրոպա: Ցանկանում է ինչ-որ կերպ Եվրոպային դարձնել պատանդ, ինչպես դա արեցին փախստականների դեպքում»,-ասել է նա։

Նախագահը նշել է նաև, որ ամենակարևորը Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակն է:

«Ամեն ինչ բանակցությունների սեղանին է: Սակայն մեկ բան հստակ է՝ պետք է դադարեցնել պատերազմը և վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ»,-ասել է նա:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։

 Ուշագրավ
Այվազյանի ու Զարիֆի առանձնազրույցն արդեն սկսվել է
Սարգսյանը նշել է նաև, որ նշանակմանը դեմ են արտաքին գործերի նախարարությունում
Ըստ Մելքումյանի՝ Շուռնուխի ուղղությամբ ադրբեջանցի զինվորականները տեղակայված են տեղի բնակիչների տներից ընդամենը 5 մետր հեռավորությամբ
Մարուքյանի խոսքով՝ վարչապետին առաջարկած այդ կոնտր հուշագրի շուրջ ևս չի եղել համաձայնություն