Կանադայում թուրք ազգայնամոլները փորձ են արել ձախողելու ANCC ներկայացուցչի ելույթը

PanARMENIAN.Net - «Հաշտվել անցյալի հետ» դասախոսության ընթացքում կանադական Ryerson համալսարանում թուրք պրոֆեսոր Թուքայ Աթաովան փորձել է ժխտել Հայոց ցեղասպանության փաստը: Կանադայի հայկական ազգային հանձնաժողովի (ANCC) գործադիր տնօրեն Արիս Բաբիկյանը փորձել է ուղղել թուրք պրոֆեսորի սխալական հայտարարությունները, բայց թուրք ազգայնամոլները, որոնք ներկա էին դասախոսությանը, Բաբիկյանին խոսք չտվեցին: «Երբ Բաբիկյանը պահանջեց լսել իրեն, որոշ կազմակերպիչներ անջատեցին խոսափողը եւ սպառնացին նրան դուրս հանել լսարանից: Բաբիկյանը հիշեցրեց հավաքվածներին, որ նրանք ապրում են Կանադայում, եւ ոչ թե` Թուրքիայում, եւ այն մասին, որ խոսքի ազատությունը կանադացիների ամենահիմնական իրավունքներից մեկն է, հատկապես ակադեմիական պայմաններում»,- ասվում է ANCC հաղորդագրության մեջ:



Արիս Բաբիկյանը կասկածի տակ է դրել թուրք պրոֆեսորի նյութերի իսկությունը եւ հավաքվածներին հիշեցրել, որ ցեղասպանություններն ուսումնասիրող 100 գիտնականներ եւ Գիտնականների միջազգային ասոցիացիան ճանաչել են Օսմանյան կայսրության Հայոց ցեղասպանությունը:



Թուրք ազգայնամոլների պահվածքը քննադատել է ANCC նախագահ Ժիրայր Բասմաջյանը` ընդգծելով, որ վախեցնելու եւ Հայոց ցեղասպանության մասին լռեցնելու փորձերը Կանադայի Սահմանադրության մեջ ամրագրված հիմնական իրավունքների խախտում են: «Այդ ազգայնամոլների գործելաոճը հիշեցնում է թուրքական կառավարության պահվածքը, որը ստիպում է լռել յուրաքանչյուրին, որը համարձակվում է մարտահրավեր նետել Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածին համապատասխան Հայոց ցեղասպանության վերաբերյալ թուրքական կառավարության պաշտոնական դիրքորոշմանը: Նոբելյան դափնեկիր, գրող Օրհան Փամուկի, շատ թուրքերի հետապնդումները, ինչպես նաեւ հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությունը այդպիսի քաղաքականության վառ օրինակներն են»,- ասել է Բասմաջյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---