20 փետրվարի 2009 - 20:26 AMT
Հայաստանի ՀՆԱ-ն 2009 թվականի հունվարին կրճատվել է 0,7 տոկոսով
Հայաստանի ՀՆԱ-ն 2009 թվականի հունվարին կրճատվել է 0,7 տոկոսով 2008թ. նույն ժամանակահատվածի համեմատ, կազմելով շուրջ 132 մլրդ դրամ: Համաշխարհային ֆինանսական ճգնաժամի բացասական ազդեցությունն արդեն իսկ զգացվում է Հայաստանի տնտեսության այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են արդյունաբերությունն ու ֆինանսական հատվածը: Այդ մասին մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանը:

Օրինակ, նրա խոսքերով, արդյունաբերության ոլորտում 2009թ. հունվարին 2008-ի հունվարի համեմատությամբ 6,5 տոկոս անկում է գրանցվել, իսկ 2009թ. դեկտեմբերին 2008-ի դեկտեմբերի համեմատ անկումը կազմել է 23,5 տոկոս: Բացարձակ արտահայտությամբ 2009թ, հունվարի վերջին արդյունաբերական արտադրության ծավալը կազմել է 41,7 մլրդ դրամ: Մնացականյանի խոսքերով, ճգնաժամը բնականաբար բացասաբար է անդրադարձել նաեւ այս դեպքերում ամենախոցելի ֆինանսական հատվածի վրա: Մասնավորապես, նշել է նա, զգալիորեն կրճատվել են տարվա կտրվածքով բնկաչության բանկային հաշիվների մնացորդային ցուցանիշները: «Ընդհանուր առմամբ 2008 թվականին գրանցվել էր այդ ցուցանիշի աճ, թեեւ վերջին մի քանի ամսիներին կրճատումներն արդեն ակնհայտ էին` անկախ վարկային ներդրումների ծավալի աճից»-ասել է Մնացականյանը:

Անկում է գրանցվել նաեւ էլեկտրաէներգիայի արտադրման ոլորտում: Այսպես, տարեկան կտրվածքով այդ ցուցանիշը կրճատվել է 21,2 տոկոսով, հունվարին` 0,8 տոկոսով եւ կազմել է 523 մլն կՎտ/ժ: 2009թ. հունվարին անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 24,5 տոկոսով կրճատվել է արտաքին առեւտրի շրջանառության ծավալը, իսկ դեկտեմբերի համեմատ` 47,9 տոկոսով, տարեկան կտրվածքով` 20,2 տոկոսով:

Միեւնույն ժամանակ տարեկան կտրվածքով որոշակի աճ է գրանցվել մի շարք բնագավառներում: Մասնավորապես, 2009թ, հունվարին 2008-ի հունվարի համեմատ 13,4 տոկոսի աճ է գրանցվել շինարարության ոլորտում, 5,9 տոկոսի աճ` մանրածախ առեւտրում, գյուղատնտեսության ոլորտում` 0,4 տոկոսով: Սակայն վերը նշված բոլոր ցուցանիշները ամսվա կտրվածքով դիտարկելու դեպքում եւս որոշակի անկում են ապրել: Մասնավորապես, շինարարության ոլորտում հունվարին 2008թ. դեկտեմբերի համեմատությամբ 87,1 տոկոս անկում է գրանցվել, մանրածախ առեւտրում` 64,1 տոկոս անկում, գյուղատնտեսության ոլորտում` 67,9 տոկոսով: