ԲՀԿ կամավորական ջոկատը Ծառուկյանը կառաջնորդի

ԲՀԿ կամավորական ջոկատը Ծառուկյանը կառաջնորդի

PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կամավորականների ջոկատ է ձևավորում, որը կգլխավորի կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ Այդ մասին նա ասել է իր կոչում։

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը 100 միլիոն դրամ գրավի դիմաց հոկտեմբերի 22-ին ազատ է արձակվել։

Իր կոչում Ծառուկյանը նշել է, որ անազատության մեջ գտնվելու օրերին «չի եղել գեթ մեկ վայրկյան, որ չմտածի ու չանհանգստանա» Արցախի և Հայաստանի անվտանգության, զինվորների կյանքի համար:

«Թեպետ պատերազմի առաջին իսկ օրերից «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության մի շարք պատգամավորներ, տարածքային կառույցների պատասխանատուներ, հարյուրավոր կուսակցականներ եղել և այս պահին էլ առաջնագծում են, բայց այսօր անհրաժեշտ է բոլորիս համախմբումը: Կոչ եմ անում ԲՀԿ բոլոր անդամներին, մարզային կառույցների ներկայացուցիչներին կամավորագրվել կուսակցության կողմից ձևավորվող ջոկատին: Ես անձամբ եմ առաջնորդելու ԲՀԿ կամավորականների ջոկատը և իմ բոլոր ռեսուրսներով ու հնարավորություններով շարունակելու եմ լինել հայ զինվորի կողքին: Այսօր հայրենիքն ունի մեզանից յուրաքանչյուրի կարիքը:

Հայաստանի, Արցախի և Սփյուռքի բոլոր ուժերի մեկտեղմամբ է միայն հնարավոր հաղթել: Մենք կորցնելու և որևէ մեկին տալու հայրենիք չունենք: Արցախը երբեք չի՛ լինելու Ադրբեջանի կազմում և դա անբեկանելի ճշմարտություն է»,-ասվում է ուղերձում:

Նշվում է, որ կամավորագրվել ցանկացող բոլոր անձինք կարող են դիմել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության տարածքային կառույցների պատասխանատուներին գործընթացը կազմակերպելու համար։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---