ԱԱԾ․ Զինծառայությունից խուսափելու համար կորոնավիրուսի թեստ է կեղծվել

ԱԱԾ․ Զինծառայությունից խուսափելու համար կորոնավիրուսի թեստ է կեղծվել

PanARMENIAN.Net - ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը զինծառայությունից խուսափելու նպատակով կորոնավիրուսի թեստի կեղծման դեպք է բացահայտել։

Առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ զորահավաքային զինծառայող Ա. Ս.-ի հայրը` Ն.Ս.-ն, դրդել է բժշկական կենտրոնի լաբորատորիայի վարիչին և նույն լաբորատորիայի լաբորանտին, որպեսզի վերջիններս հոկտեմբերի 22-ին զորահավաքային զինծառայողի անվամբ կազմեն կեղծ փաստաթղթեր առ այն, որ իրականացրել է նմուշառում։

Մինչդեռ՝ վերջինից փաստացի որևէ նմուշ չի ստացվել, իսկ լաբորատոր հետազոտության համար համապատասխան փորձաքննության են ուղարկել փաստացի Covid-19 հիվանդություն ունեցող այլ անձի նմուշ, որի արդյունքում կեղծ եզրակացություն է կազմվել առ այն, որ վերջինիս մոտ իբր հայտնաբերվել է Covid-19-ը։ Դա հնարավորություն է տվել զորահավաքային զինծառայողին ռազմական դրության պայմաններում ապօրինի ժամանակավորապես դադարեցնելու զինվորական ծառայության կատարումը:

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում համապատասխան հոդվածների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ձերբակալվել են ինչպես զորահավաքային զինծառայողը, այնպես էլ՝ հանցագործությանն օժանդակած բժշկական կենտրոնի ծառայողները:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ նույն բժշկական կենտրոնի ծառայողների կողմից նույնաբնույթ այլ հանցավոր դրսևորումները բացահայտելու, կոռուպցիոն մեխանիզմում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ:

ԱԱԾ-ն հիշեցնում է, որ նկարագրված հանցավոր արարքը դասվում է ծանր հանցագործությունների շարքին, որի համար որպես պատիժ նախատեսված է 5-10 տարի ժամկետով ազատազրկում:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Առկա ուսուցումը Երևանի հանրակրթական ուսումնական հաստատություններում վերսկսվում է
Այն արձանագրվել է Սյունիքի «Արևիք» ազգային պարկում
Սաղաթելյանը նշել է, որ մեղադրանքում նկարագրված գործողությունների հետ ինքը կապ չունի, այն «երևակայական է»
Նա նշել է, որ ԿԽՄԿ-ն գերեվարված անձանց վերադարձնելու գործառույթ չունի