Օգտագործելով աշխարհում ստեղծված իրավիճակը` Անկարան ցանկանում է իր արժեքը բարձրացնել

PanARMENIAN.Net - Կան մի քանի աշխարհաքաղաքական գործոններ, որոնք անմիջական ազդեցություն կունենան հայ-թուրքական հարաբերությունների վրա: ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության առանցքային ուղղությունն այժմ Աֆղանստանն է: Իարքն ու Իրանը ետին պլան են մղվել, քանի որ այժմ Վաշինգտոնը զգում է, որ Աֆղանստանում նա կարող է իրական եւ լուրջ պարտություն կրել: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը: «Այս առումով Թուրքիայի դերը ԱՄՆ-ի համար մեծանում է: Վաշինգտոնը Անկարայի ու Աֆղանստանի աջակցությունն է ակնկալում»,-նշել է Սաֆրաստյանը: Նրա խոսքերով, թուրք վարչապետի ու ԱՄՆ նախագահի հեռախոսազրույցից հետո Թուրքիա ժամանեց ԿՀՎ նախագահը: «Հանդիպման ընթացքում նրանք քննարկել են Թուրքիայի կողմից Աֆղանստանում ԱՄՆ-ի ջանքերին սատարելու հնարավորությունը: Հաղորդագրություններ են տարածվում, որ այդ այցի ընթացքում շոշափվել են Թուրքիայի տարածքում ամերիկյան ռազմակայանի տեղակայման հնարավորություններն ու հեռանկարները»-նշել է Ռ.Սաֆրաստյանը:



Ըստ պրոֆեսորի, այդ ամենն անկասկած կանդրադառնա հայ-թուրքական հարաբերությունների վրա: «Ելնելով այդ գործընթացներից, կարելի է ասել, որ Բարաք Օբաման ապրիլի 24-ին ԱՄՆ հայ համայնքին ուղղված ուղերձում չի օգտագործի ցեղասպանություն տերմինը, ելնելով ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական շահերից»,-ասել է Սաֆրաստյանը: Ըստ նրա, երկրորդ գործոնն այն է, որ Ռուսաստանի ու Ուկրաինայի միջեւ գազային ճգնաժամից հետո Եվրոպան մտադիր է լրջորեն զբաղվել Nabucco նախագծով: «Ըստ այդ նախագծի, որը շրջանցում է Ռուսաստանը, ադրբեջանական գազը Թուրքիայով կհասնի Եվրոպա: Թուրքիան լավ է հասկանում, թե որքան կարեւոր է այս նախագիծը ԵՄ-ի համար եւ հենց այդ պատճառով Բրյուսել կատարած իր վերջին այցի ժամանակ Էրդողանը չբացառեց, որ Թուրքիան կհրաժարվի ԵՄ-ին անդամակցելուց: Օգտագործելով աշխարհում ստեղծված իրավիճակը` Անկարան ցանկանում է իր արժեքը բարձրացնել»-ասել է Սաֆրաստյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---