21 փետրվարի 2009 - 15:47 AMT
Կովկասում կայունության ու համագործակցության պլատֆորմը դատապարտված է ձախողման
Կովկասի պլատֆորմն ապագա չունի: Անկախ հայտարարություններից, այցերից, որ կատարվում են Կովկասում կայունության ու համագործակցության պլատֆորմի հնարավորությունն ուսումնասիրելու համար, այդ նախաձեռնությունը դատապարտված է ձախողման: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը: «Պատկերացրեք, Թուրքիան մի նախաձեռնություն է առաջարկել, որտեղ, իրենից բացի, պետք է ընդգրկվեն երեք հարավկովկասյան երկրներն ու Ռուսաստանը: Այդ երկրների միջեւ լուրջ հակամարտություններ կան, ինչպիսիք են ռուս-վրացականն ու ղարաբաղյանը: Այս պայմաններում ուղղակի իրատեսական չէ պատկերացնել նման նախագծի իրագործումը»,-ասել է պրոֆեսորը: Ըստ Սաֆրաստյանի, առաջ քաշելով պլատֆորմի գաղափարը` Թուրքիան ձգտում էր ամրապնդել իր դիրքերը տարածաշրջանում, քանի որ Հարավային Օսեթիայում պատերազմից հետո Մոսկվայի ազդեցությունը Կովկասում ուժեղացավ: «Անկարայի համար նախաձեռնության արդյունքներն այնքան կարեւոր չեն, որքան գործընթացը: Դա դիվանագիտական հնարք է, իրեն դրսեւորելու փորձ»-նշել է հայ արեւելագետը: Նա նաեւ ասելէ, որ Հարավային Կովկասը դեռեւս չի հասել համագործակցության այն մակարդակի, որ իրականացնի թուրքական նախաձեռնությունը:

Հարավային Օսեթիայում պատերազմական գործողություններից հետո պաշտոնական Անկարան հանդես եկավ Կովկասում կայունության ու համագործակցության պլատֆորմի նախաձեռնությամբ, որին, ըստ թուրքական կողմի առաջարկի, կարող են միանալ Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Թուրքիան ու Ռուսաստանը: Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ հանդիպմանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, նշելով, որ Հայաստանը միշտ երկխոսության, անվտանգության, համագործակցության կողմնակից է եղել տարածաշրջանում, գնահատել է թուրքական նախաձեռնությունը որպես տարածաշրջանում բարենպաստ մթնոլորտի ձեւավորմանն ուղղված քայլ: