ՄԱԿ պաշտոնյան զգուշացրել է ԼՂ-ում ռազմական հնարավոր հանցագորությունների մասին

ՄԱԿ պաշտոնյան զգուշացրել է ԼՂ-ում ռազմական հնարավոր հանցագորությունների մասին

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Միշել Բաչելետն ահազանգել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում և դրա շուրջ անկանոն հարձակումների մասին, որոնք հակասում են միջազգային հումանիտար օրենքին։ Նա զգուշացրել է` դրանք կարող են համարվել ռազմական հանցագործություն:

Պաշտոնյան նշել է, էր պատերազմը սկսելուց ի վեր կողմերին բազմիցս կոչ է արվել ձեռնարկել բոլոր հնարավոր քայլերը` քաղբնակչության շրջանում զոհերից խուսափելու կամ առնվազն դրանք նվազագույնին հասցնելու համար, ինչպես նաև տարբերակել քաղաքացիական ենթակառուցվածքները ոչ ռազմականից, այդ թվում` դպրոցները, հիվանդանոցները։ Հակառակ կոչերի` տներ և փողոցներ են ավերվել, մարդիկ ստիպված են եղել փախչել կամ անվտանգություն փնտրել նկուղներում։

Հանձնակատարի խոսքով` միջազգային մարդասիրական իրավունքն ավելի պարզ չի կարող լինել։ Իսկ տարբերակման կամ համաչափության սկզբունքի խախտմամբ հարձակումները ենթադրում են ռազմական հանցագործություններ։ Ըստ այդմ` հակամարտության կողմերը պարտավոր են շուտափույթ և անհապաղ հետաքննել այդ խախտումները և քրեորեն հետապնդել կասկածյալներին։

«Նման հարձակումները պետք է դադարեցվեն, և պատասխանատվության ենթարկվեն նրանք, ովքեր կատարել կամ պատվիրել են դրանք»,- ասել է նա։

Բաչելետը նաև անդրադարձել է ենթադրաբար ռազմական հանցագործություններ պատկերող ԶԼՄ-ների հետաքննություններին, հրապարակվող լուսանկարներին և տեսանյութերին, նշել, որ դրանց ռազմական հանցագործություն լինելը կարող է սահմանել միայն կոմպետենտ դատարանը։ Նա, մասնավորապես, նկարագրել է ադրբեջանցիների կողմից իրականացված երկու հայ գերու արտադատարանային մահապատժի կադրերը, նշել, որ Ժնևյան կոնվենցիան պաշտպանում է այդ կարգավիճակում հայտնված մարդկանց։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

Photo. AFP
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---