«Գորշ գայլերը» Ֆրանսիայում պաշտոնապես արգելվել են

«Գորշ գայլերը» Ֆրանսիայում պաշտոնապես արգելվել են

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 4-ից պաշտոնապես կարգելվի թուրքական ազգայնական «Գորշ գայլերի» գործունեությունը Ֆրանսիայում։ Այդ մասին ՄԻՊ Արման Թաթոյանին տեղեկացրել էՀայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը:

«Բոզկուրտ» կամ «Գորշ գայլերը» թուրքական ազգայնական կազմակերպություն է: Ստեղծված է Ազգային գործողության կուսակցության հովանու ներքո, որի հետ երբեմն նույնականացվում է։ Այլ տարբերակների համաձայն, 1948-ին գնդապետ Ալպարսլան Թյուրքեշի կողմից ստեղծված անկախ կազմակերպություն է:

«Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը խստորեն դատապարտել է էթնիկ հայերի դեմ վանդալիզմի և հարձակման դեպքերը և տեղեկացրել, որ նոյեմբերի4-ին Ֆրանսիայի նախարարների խորհուրդը որոշում է կայացրել արգելել թուրքական ազգայնական «Գորշ գայլեր» («Բոզքուրթ») կազմակերպության գործունեությունը Ֆրանսիայում՝ ծայրահեղ ազգայնական գործունեություն ծավալելու և վերջին շաբաթվա ընթացքում Ֆրանսիայի էթնիկ հայ քաղաքացիների և Հայաստանի քաղաքացիներ դեմ հարձակումներ գործելու, ատելություն հրահրելու կոչեր անելու համար»,-ասվում է Թաթոյանի ֆեյսբուքյան գրառման մեջ։

ՄԻՊ-ը հավելել է, որ հանրահայտ փաստ է, որ ինչպես 2016-ին Ապրիլյան պատերազմի ընթացքում, այնպես էլ հիմա Արցախում խոշտանգումները, վայրագություններն ու դաժանությունները ադրբեջանական զինված ուժերի կազմում կատարում են թուրքական ազգայնական «Գորշ գայլեր» կազմակերպության անդամները կամ իրականացվում է նրանց մեթոդներով։

Թաթոյանը հանդիպման ընթացքում ներկայացրել է փաստեր խաղաղ բնակիչների նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի վայրագությունների ու դաժանությունների, այդ թվում՝ խաղաղ բնակիչների նկատմամբ արգելված կասետային ու քիմիական էլեմենտներ պարունակող զինատեսակների կիրառության, քաղաքացիական ենթակառուցվածքների զանգվածային ավերածությունների վերաբերյալ։

«Ցավակցությունս հայտնեցի Ֆրանսիայի ժողովրդին Նիսի Աստվածամոր տաճարում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ և դեսպանին իր մտահոգությունը հայտնել վերջին օրերին Ֆրանսիայում էթնիկ հայերի դեմ ատելության հիմքով իրականացված ակցիաների առնչությամբ՝ կարևորելով հայերի անվտագության և իրավունքների պաշտպանության հարցերը»,-ասվում է գրառման մեջ։

Նոյեմբերի 1-ին թուրքերը Լիոնում պղծել էին Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձանը, դրա վրա գրել կազմակերպության անունը։ Իսկ Ֆրանսիայի մի շարք քաղաքներում որս էին հայտարարել հայերի նկատմամբ, վնասել նրանց։Բացի այդ, Լիոնի ՀՀ գլխավոր հյուպատոսության պատին հակահայկական գրառում էր արվել, որում հիշեցվում է Հայոց ցեղասպանությունը և «Գորշ գայլերի»` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հավատարիմ լինելը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---