15 տարի անց SOAD-ը նոր երգեր է թողարկել՝ նվիրված Արցախին

15 տարի անց SOAD-ը նոր երգեր է թողարկել՝ նվիրված  Արցախին

PanARMENIAN.Net - 15 տարվա ընդմիջումից հետո ամերիկյան աշխարհահռչակ System Of a Down ռոք-խումբը, որի անդամները հայ են, Արցախի նկատմամբ թուրք-ադրբեջանական ագրեսիային կապակցությամբ 2 նոր երգ է թողարկել։

Դրանցից մեկը կոչվում է Genocidal Humanoidz, որում արտացոլված է ահաբեկիչների դեմ հայ ժողովրդի պայքարը։ Մյուս երգը վերնագրված է Protect The Land, նվիրված է հայրենի հողի պաշտպաններին։

Խմբի մենակատար Սերժ Թանկյանի խոսքով՝ երկու երգն էլ նպատակ ունեն Արցախում հայերի հանդեպ կատարվող ցեղասպանության վրա ուշադրություն դարձնելու։

Թանկյանը գրում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կոռումպացված ռեժիմները ոչ միայն ցանկանում են հավակնել Արցախին և Հայաստանին որպես իրենց սեփականություն, այլև անպատժելիորեն վայրի բնության և մարդկության դեմ ցեղասպանական գործողություններ են իրականացնում՝ իրենց առաքելության իրականացման նպատակով։ Ըստ արվեստագետի՝ նրանք խաղադրույքն անում են այն բանի վրա, որ աշխարհը զբաղված է կորոնավիրուսով, ընտրություններով և քաղաքացիական խռովություններով։

Խմբի անդամները նշում են, որ խրախուսում են իրենց լսարանին ուսումնասիրել թեման, և հույս ունեն, որ նրանք կոգեշնչվեն բարձրաձայնել ներկայումս կատարվող սարսափելի անարդարությունների և հումանիտար իրավունքների խախտումների մասին։

Խումբը կոչ է արել փոքր կամ մեծ նվիրատվություններով օգնել հումանիզմին ուղղված այս շարունակական հանցագործություններից տուժածներին։ Երգերի հասույթը կուղղվի նրանց կարիքներին։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---