6 նոյեմբերի 2020 - 15:04 AMT
Երկքաղաքացիներին ՀՀ-ն լքելու համար հատուկ թույլտվություն է անհրաժեշտ

Նոյեմբերի 6-ն արդեն երրորդ օրն է՝ հայ-վրացական սահմանային անցակետում թեթև բեռնատարների վարորդներին թույլ չեն տալիս վերադառնալ Վրաստան: Նրանք երկքաղաքացիներ են, ի սկզբանե եղել են Վրաստանի քաղաքացիներ, հետագայում նաև Հայաստանից են ստացել քաղաքացիություն։ Իսկ ըստ ՀՀ-ում գործող ռազմական դրության՝ այս պահին առաջնային է ՀՀ քաղաքացիությունը:

Aliq.ge-ի փոխանցմամբ՝ ազգային անվտանգության ծառայությունից հայտնել են, որ ռազմական դրության հետ կապված 18-50 տարեկան արական սեռի ՀՀ քաղաքացիների ելքը երկրից արգելվում է:

ԱԱԾ-ն խորհուրդ է տվել այդ մարդկանց դիմել մոտակա զինվորական հավաքակայան, որտեղ էլ անձի տվյալները պարզելուց հետո, հնարավորության դեպքում, կտրվի երկիրը լքելու իրավունքի համապատասխան վկայական։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված, պահեստազորում ներառված տղամարդկանց արգելված է լքել երկիրը։