6 նոյեմբերի 2020 - 17:57 AMT
Փոխվարչապետը՝ ԱՊՀ նիստին․ Ադրբեջանն ահաբեկիչների՝ ԱՊՀ ներթափանցման հարթակ է դառնում

Ադրբեջանն ահաբեկիչների և նրանց գաղափարախոսության համար ԱՊՀ տարածք ներթափանցման հենակետ է դառնում: Այս մասին ԱՊՀ կառավարությունների ղեկավարների տեսակոնֆերանսին հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ նշելով, որ դա տեղի է ունենում «բոլորի աչքի առաջ»։

Հանդիպմանը մասնակցել է նաև Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչը։

Նա ներկայացրել է, որ շարունակվում է Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան, որն ի դեպ իրականացվում է Թուրքիայի ռազմաքաղաքական անմիջական աջակցությամբ Սիրիայից ու Լիբիայից ահաբեկիչների ներգրավմամբ:

«Ադրբեջանական կողմից կռվողները կիրառում են արմատական ահաբեկչական խմբավորումներին բնորոշ մեթոդներ, ինչպիսիք են՝ գերիների խոշտանգումները, ցուցադրական գնդակահարությունները և գլխատումները, սպանվածների մարմինների պղծումը»,- ասել է նա՝ ավելացնելով, որ Ադրբեջանի ղեկավարության խղճին են մի շարք ռազմական հանցագործություններ:

Փոխվարչապետի խոսքով՝ Ադրբեջանը բազմիցս խախտել է և շարունակում է խախտել հրադադարի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները:

«Ադրբեջանը վաղուց պետք է հասկանար, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը ռազմական լուծում չունի, և որ ԱՊՀ-ն ստի և կեղծիքի տարածման հարթակ չէ»,- նշել է նա:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։