ՔԿ․ Սիրիացի ևս 3 վարձկան է ներգրավվել որպես մեղադրյալ, հետախուզվում են

ՔԿ․ Սիրիացի ևս 3 վարձկան է ներգրավվել որպես մեղադրյալ, հետախուզվում են

PanARMENIAN.Net - Ազգությամբ արաբ, Սիրիայի ևս 3 քաղաքացի է ներգրավվել որպես մեղադրյալ, միջնորդություն է ներկայացվել դատարան` նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, տեղեկացնում է Քննչական կոմիտեն։

Նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ ազգությամբ արաբ, Սիրիայի ևս 3 քաղաքացի որպես վարձկան ներգրավված է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի և Հայաստանի դեմ իրականացվող ռազմական գործողություններին:

Նոյեմբերի 6-ին որոշումներ են կայացվել Աբու Սթեֆ ալ–Հինդավիին, Ահմադ ալ-Տայեբին և Աբու Դիաբ Հալաբին ՀՀ քրեական օրենսգրքի 389-րդ հոդվածով (միջազգային ահաբեկչություն, պատժվում է 12-20 տարի կամ ցմահ ազատազրկմամբ), 34-390-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 3-րդ մասի 1-ին կետով (միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումները զինված ընդհարումների ժամանակ, պատժվում է 12-20 տարի կամ ցմահ ազատազրկմամբ) և 395-րդ հոդվածի 3-րդ մասով (վարձկանություն, պատժվում է 3-7 տարի ազատազրկմամբ)) որպես մեղադրյալ ներգրավելու մասին:

Նույն օրը որոշումներ են կայացվել նրանց նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին և միջնորդություններ ներկայացվել Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ վերջիններիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ:

Ավելի վաղ ՊԲ ստորաբաժանումները մարտական գործողությունների ընթացքում գերեվարել են 2 սիրիացի վարձկանի։ Արցախում գերեվարված Սիրիայի քաղաքացի Յուսեֆ Ալաբեթ Ալ Հաջիին մեղադրանք է առաջադրվել , նա կալանավորվել է։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---