7 նոյեմբերի 2020 - 20:18 AMT
ԱՄՆ պաշտոնյայի բրիտանական ընկերությունն ուզում է ոսկի կորզել ադրբեջանցիների գրաված տարածքներում

Ադրբեջանում արդեն քննարկում են սեպտեմբերի 27-ից մեկնարկած պատերազմում Լեռնային Ղարաբաղում իրենց ժամանակավորապես օկուպացրած տարածքներում հանքարդյունաբերական աշխատանքները։

Մասնավորապես, Ադրբեջանում ոսկու, արծաթի և պղնձի արդյունահանմամբ զբաղվող բրիտանական Anglo-Asian Mining Plc. ընկերությունը ողջունել է Կովսականի (Զանգելան) գրավումը և հայտարարել է, որ այդ տարածքի հանքի արդյունահանման հարցով համագործակցության համար Բաքվի հետ սերտ կապի մեջ է։

Սակայն միաժամանակ նշվում է, որ այդ տարածքում ներդրում անելու և շահագործելու ժամանակացույցն այս պահին անհայտ է և կախված է նաև այդ տարածքի անվտանգությունից։ Mines and Metals հարթակը փոխանցում է, որ երբ անվտանգ լինի, ընկերությունն անմիջապես կսկսի աշխատանքները Կովսականում։ Ընկերությունը նշում է, որ իր պայմանագրային տարածքների մեջ են մտնում նաև «Սյովյուդլյուի» և «Ղըզըլբուլախի» հանքավայրերը։

Բրիտանական ընկերության երկրորդ խոշոր սեփականատերն ամերիկյան Նյու Հեմփշիր շրջանի նահանգապետ Քրիս Սունունու ընտանիքն է, ում հայրը՝ Ջոն Սունունուն եղել է նախագահ Ջորջ Բուշ ավագի ժամանակ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարը և նաև նույն նահանգի նահանգապետը, իսկ եղբարը՝ կրտսեր Ջոն Սունունուն, եղել է Նյու Հեմփշիրից ընտրված սենատոր։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։