7 նոյեմբերի 2020 - 21:39 AMT
Դավիթ Բեկ գյուղի հրետակոծության հետևանքները (Վիդեո)

Ադրբեջանի զինված ուժերը նոյեմբերի 2-ին կրակել են Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղի վրա։ Մեկ քաղաքացիական զոհվել էր, 2-ը՝ վիրավորվել։ Ruptly գործակալությունը տեսանյութ է հրապարակել հրետակոծման հետևանքներից և խոսել գյուղի բնակիչներից Յուրիկ Ջհանգիրյանի հետ։

«Նրանք կրակում էին մեզ վրա, ավերածություններ կան, փառք Աստծո, ոչ մեկ չտուժեց»,- պատմել է Ջհանգիրյանը՝ ավելացնելով՝ իր որդին և կինը պատսպարվել են նկուղում։ Գյուղում ապրում է 750 մարդ։

Տեսանյութում երևում են վնասված բնակելի տներ և ավտոմեքենաներ, ինչպես նաև արկերի մնացորդներ։ Արկեր ընկել են նաև գերեզմանոցում, վնասել գերեզմանաքարեր։

Նոյեմբերի 2-ի ժամը 18:10-ի սահմաններում ադրբեջանական կողմը հրետակոծել է ՀՀ զինված ուժերի մարտական դիրքերը և Սյունիքի մարզի Դավիթ Բեկ բնակավայրը։ Տուժել էին բնակիչներ: Հոկտեմբերի 30-ին հակառակորդը ևս կրակել էր Դավիթ Բեկի վրա, կային ավերածություններ, սատկած անասուններ։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։