7 նոյեմբերի 2020 - 22:24 AMT
ՊՆ․ Թշնամին մոտեցել է Շուշիի հարակից հատվածներին, ծանր մարտեր են, Բերձորից հարավ դիրքային բարելավումներ ունենք

Ռազմաճակատի տարբեր հատվածներում մարտերը չեն դադարում, մասնավորապես՝ Շուշիի հարակից տարածքներում, քաղաքի մոտակաքում, ճանապարհների ուղղությամբ թշնամուն հաջողվել է մոտենալ, ծանր մարտեր են ընթանում հայտարարել է պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Երեկ նշեցի, որ պաշտպանել ենք Շուշին, բայց ինչպես երևում է` հակառակորդը նոր ուժեր ու միջոցներ ներգրավվելով, շարունակում է Շուշիի գրավման իր ցանկությունն իրագործելու պլանները։ Այս պահին մեր զորքը համառորեն դիմադրում է՝ թևերին, թիկունքին, կապուղիներին մեծ կորուստներ հասցնելով»,- ասել է Հովհաննիսյանը։

Նա նշել է, որ մարտեր են նաև Շուշիին մոտեցող ուղղություններում՝ Քարին տակում, Լիսագորում և այլն։

ՊՆ ներկայացուցչի խոսքով՝ Մարտունու ուղղությամբ զրահատեխնիկայով փորձել են հարձակվել, հետ են շպրտվել՝ 1-2 զրահատեխնիկա կորցնելով ու զոհեր տալով։ Բերձորից հարավ ևս մի քանի անգամ փորձել են առաջ գալ, հետ են շպրտվել, այդ հատվածում նաև դիրքային բարելավումներ ունենք։

Պատասխանելով հարցին, թե ինչ իրավիճակ է այժմ Տավուշում և Քարվաճառում՝ Հովհաննիսյանը հայտնել է, որ առանձին հրետակոծության դեպքեր եղել են, փոքր հետախուզական խմբեր ևս նկատվել են, սակայն լուրջ ծանր մարտեր չեն ընթացել։ Նա նշել է, որ Դավիթ Բեկ գյուղում ևս իրավիճակը նորմալ է, օրվա ընթացքում առանձին կրակոցներ լինում են։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։