7 նոյեմբերի 2020 - 23:17 AMT
ԶԼՄ․ Հնարավոր է ազատազրկում՝ ռազմական դրության ընթացքում հրապարակման կանոնները խախտելու համար

Ազգային ժողովի իշխող «Իմ քայլը» խմբակցությունը Քրեական օրենսգրքում փոփոխության նախագիծ է պատրաստել, համաձայն որի՝ ռազմական դրության ընթացքում տեղեկատվության հրապարակման և տարածման կանոնները խախտողները կարող են տուգանվել ու նաև ազատազրկվել, իր աղբյուրներին հղումով փոխանցում է Factor.am-ը։

Լրատվամիջոցից նշում են, որ նախագիծը դեռ ԱԺ կայքում չի հրապարակվել, «Իմ քայլից» Սուրեն Գրիգորյանը հայտնել է, որ լուրը հաստատել կամ հերքել չի կարող։

Նոյեմբերի 7-ին նման տեղեկություն շրջանառվեց նաև մի շարք այլ լրատվամիջոցներում։

Ներկայումս Հայաստանում ռազմական դրության պայմաններում 700,000 դրամից մինչև 1․5 մլն-ի չափով տուգանք է նախատեսված լրատվական գործունեություն իրականացնողի կողմից տեղեկությունների հրապարակման կամ տարածման գործող կանոնները խախտելու դեպքում։ Նույն կանոնները խախտելու պատճառով լրատվական գործունեություն չիրականացնողները կարող են տուգանվել 300,000-700,000 դրամով։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։