7 նոյեմբերի 2020 - 23:56 AMT
Պուտինն ու Էրդողանը մանրակրկիտ քննարկել են իրավիճակը ԼՂ հակամարտության գոտում

ՌԴ ու Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում «մանրակրկիտ քննարկել են» իրավիճակը ԼՂ հակամարտության գոտում, հայտնում է Կրեմլի կայքը:

«ՌԴ նախագահը տեղեկացրել է թուրք գործընկերոջն Ադրբեջանի ու Հայաստանի առաջնորդների հետ ունեցած մի շարք հեռախոսազրույցների մասին: Այդ կապերի նպատակն էր ռազմական գործողությունների դադարեցման տարբերակներ փնտրել ու անցնել քաղաքական-դիվանագիտական կարգավորման փուլ: Կողմերը երկուստեք ընդգծել են, որ պատրաստակամ են գործակցել՝ հիմնահարցը խաղաղ լուծելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Սա ՌԴ ու Թուրքիայի ղեկավարների առաջին հեռախոսազրույցը չէ այս հարցով:

Ավելի վաղ Վլադիմիր Պուտինը ԼՂ հարցը քննարկել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, երկուստեք լուրջ մտահոգություն էր արտահայտվել հակամարտության գոտում շարունակվող լայնամասշտաբ ռազմական բախումների և դրանցում Սիրիայից ու Լիբիայից բերված ծայրահեղականների ավելի ակտիվ ներգրավման վերաբերյալ։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։