Արցախի ՄԻՊ-ը 3-դ զեկույցն է ներկայացրել Ադրեբջանի ռազմական հանցագործությունների մասին

Արցախի ՄԻՊ-ը 3-դ զեկույցն է ներկայացրել Ադրեբջանի ռազմական հանցագործությունների մասին

PanARMENIAN.Net - Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը պատրաստել է երրորդ փակ զեկույցը ադրբեջանական զինված ուժերի կողմից հայ զինծառայողների դիակների և ռազմագերիների հանդեպ անմարդկային վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ:

Դրանում ներկայացված են Արցախի և Հայաստանի ՄԻՊ-ի կողմից հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 3-ն արձանագրված փաստերը հայ զինծառայողների դիակների և ռազմագերիների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի կողմից կատարված տարբեր բնույթի պատերազմական հանցագործությունների վերաբերյալ։

Չնայած նախորդ երկու զեկույցում բավարար ապացույցներ են ներկայացվել ադրբեջանական վայրագությունների վերաբերյալ, միջազգային հանրությունը պատշաճորեն չի արձագանքել և դատապարտել դրանք:

Զեկույցն ուղարկվել է միջազգային համապատասխան կազմակերպություններին, դիվանագիտական ներկայացուցչություններին և իրավապաշտպան կազմակերպություններին:

«Անպատժելիությունն ու տեղի ունեցող պատերազմական հանցագործություները կանխելու միջազգային հանրության անկարողությունը պարարտ հող է ադրբեջանական կողմի համար առավել մեծ դաժանությամբ շարունակելու իր վայրագությունները Արցախի խաղաղ բնակչության, ռազմագերիների և զոհված զինծառայողների մարմինների նկատմամբ:

Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ կոչ է անում միջազգային հանրությանն իր պարտավորություններին համարժեք պատշաճորեն արձագանքելու նման դեպքերին և կանխարգելելու հետագա հնարավոր ոճրագործությունները»,- ասվում է հայտարարության մեջ։

Ավելի վաղ Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանները հրապարակել էին համատեղ զեկույց Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախում հրկիզող, քիմիական տարրեր պարունակող (հնարավոր է՝ սպիտակ ֆոսֆոր) զանգվածային ոչնչացման զինատեսակ կիրառելու վերաբերյալ:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---