Վարչապետի խորհրդական․ ՀՀ-ում դաշնակցի ուղղաթիռի խոցումն ակնհայտ ագրեսիա է ու հարձակում նաև ՌԴ-ի վրա

Վարչապետի խորհրդական․ ՀՀ-ում դաշնակցի ուղղաթիռի խոցումն ակնհայտ ագրեսիա է ու հարձակում նաև ՌԴ-ի վրա

PanARMENIAN.Net - Ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքում դաշնակից Ռուսաստանի Մի-24 ուղղաթիռի խոցումն ակնհայտ ագրեսիա է, հայտարարել է վարչապետի գլխավոր խորհրդական Վաղարշակ Հարությունյանը, փոխանցում է Armenpress-ը։

«Ադրբեջանի հակաօդային ստորաբաժանումների կողմից Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքում՝ երկրի դաշնակցի՝ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի Մի-24 ուղղաթիռ խոցելն ակնհայտ ագրեսիա է և հարձակում թե Հայաստանի, թե ՌԴ վրա: Ադրբեջանի Հանրապետությունն ակնհայտ տեսնում էր, որ ուղղաթիռը թռչում է Հայաստանի տարածքով և ակնհայտ է, որ իրենից վտանգ չի ներկայացրել: Չնայած այդ հանգամանքին, իրենք օգտագործել են հակաօդային պաշտպանության միջոց և խոցել են ուղղաթիռը»,- ասել է վարչապետի խորհրդականը։

Ըստ Հարությունյանի՝ խոցվել է ռուսական 102-րդ բազայի ուղղաթիռը, իսկ հարձակումն ուղղաթիռների, օդանավերի վրա համարվում է հարձակում տվյալ պետության, այս դեպքում՝ Ռուսաստանի վրա։

«Ակնհայտ է, որ ուղղաթիռի թռիչքի բնույթը և ուղղությունը չէր կարող ադրբեջանա-թուրքական կողմի համար ընդունվել որպես սպառնալիք, և այս առումով որևէ փաստարկ համոզիչ չէ»,- ասել է Հարությունյանը՝ անհրաժեշտ համարելով ուսումնասիրել նաև Թուրքիայի անթաքույց մասնակցությունը, քանի որ ուղղաթիռը խոցվել է Նախիջևանից, իսկ այն գտնվում է Թուրքիայի վերահսկողության տակ:

Ավելի վաղ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունից հայտնել էին, որ Հայաստանի տարածքում ռուսական Մի-24 ուղղաթիռը «սխալմամբ խոցվել է Ադրբեջանի կողմից»։ Ադրբեջանի ԱԳՆ-ից հայտնել են, թե «ուղղաթիռի խոցումը դժբախտ պատահար է, և ուղղված չի եղել Ռուսաստանի դեմ»։ ՌԴ-ից նշել էին, որ նախնական տեղեկությունով, երկու հոգի զոհվել է, ևս մեկը՝ վիրավորվել:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---