Հարությունյան․ ՊԲ-ն Շուշին սկսել է կորցնել նոյեմբերի 5-ից, ամբողջությամբ կորցրել է նոյեմբերի 7-ին

Հարությունյան․ ՊԲ-ն Շուշին սկսել է կորցնել նոյեմբերի 5-ից, ամբողջությամբ կորցրել է նոյեմբերի 7-ին

PanARMENIAN.Net - Հայկական կողմը Շուշիի հիմնական վերահսկողությունը կորցրել է նոյեմբերի 5-ից, իսկ ամբողջությամբ կորցրել է նոյեմբերի 7-ին։ Այս մասին հայտնել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ 43 օրում հայկական կողմը կորցրել է նաև Ֆիզուլիի, Ջաբրայիլի, Կուբաթլուի, Զանգելանի շրջանները, Հադրութի մի մասը, Մարտունու ինչ-որ հատվածը։

Հարությունյանի խոսքով՝ մարտերն ընթանում էին Ստեփանակերտի մատույցներում` 2-3 կմ հեռավորության վրա։ Եվ եթե մարտերը շարունակվեին այդ տեմպերով, օրերի ընթացքում կկորցնեինք ամբողջ Արցախը, կունենայինք շատ ավելի զոհեր։

«Քանի որ արդեն մարտական գործողություններն ինչ-որ տեղ արդեն տեղափոխվել էին թիկունք, անդառնալի հետևանքներ կունենային առաջնագծում այդ 43 օրը հերոսաբար պայքարող մանավանդ ժամկետային զինվորների մասով։ Չեմ ուզում աշխարհագրորեն նշել, որ եթե կորցնեինք Ստեփանակերտը, ինչ տեղի կունենար Ասկերանի, Մարտունու շրջանի առաջնագծում գտնվող զինվորների առումով, ինչ որ տեղ կրկնում եմ շրջափակման մեծ հնարավորություններ կարող էին ունենալ»,- նշել է նա։

Ըստ նախագահի՝ մի քանի օր ՊԲ հակաօդային ուժերին հաջողվել էր պաշտպանվել ԱԹՍ-ներից․ «Սակայն վերջին երկու օրը հակառակորդը նոր տեխնոլոգիաներով կամ նոր ԱԹՍ-ներով հնարավորություն ունեցավ նորից շատ մեծ վնասներ պատճառել մեր զորքին։ Շատ մեծ մարդկային կորուստներ ենք ունեցել միայն երեկ` վերջին մի քանի ժամվա ընթացքում Մարտունու շրջանում, և այդ բոլորը ԱԹՍ-ներից, և այդպես էլ մեզ չհաջողվեց»։

Հարությունյանն ասել է, որ չհաջողվելու համար պատասխան են տալու բոլորը, ովքեր զբաղեցրել է պաշտոններ վերջին 10-ամյակում։

«Բարոյահոգեբանական վիճակը զորքի ծայրահեղ վատ էր, զորքը թութքով, դիզինտերիայով, կորոնավիրուսով հյուծված վիճակում 43 օր առաջնագծում էր, չունեինք փոխելու, բուժելու հնարավորություն»,-նշել է նա։

Ըստ Հարությունյանի՝ կյանքեր փրկելու ու Արցախն ամբողջովին չկորցնելու համար ստիպված էին գնալ այս քայլին՝ շատ լավ հասկանալով, որ ցանկացած փաստաթուղթ չպետք է ոտնահարի «մեր արժանապատվությունը»։ Նա ակնարկել է, որ մի քանի անգամ ինքնակամ զորակոչվելու կոչ է արել։

Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման փաստաթուղթ է ստորագրել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---