ՀՀ նախագահը` ՌԴ դեսպանին․ ԼՂ հարցը համազգային է, և ցանկացած որոշում կտրուկ արձագանք է առաջացնում

ՀՀ նախագահը` ՌԴ դեսպանին․ ԼՂ հարցը համազգային է, և ցանկացած որոշում կտրուկ արձագանք է առաջացնում

PanARMENIAN.Net - Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ հանդիպմանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման վերաբերյալ Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների ստորագրած հայտարարությանն ու դրա դրույթներին:

Նախագահ Սարգսյանը նշել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը համազգային նշանակության և կարևորության հարց է, և, բնական է, որ դրան առնչվող ցանկացած որոշման ընդունում, առավել ևս՝ որևէ փաստաթղթի ստորագրում, առաջացնում է մարդկանց կտրուկ արձագանքն ու հաճախ նաև ընդվզումը:

Նախագահ Սարգսյանն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների և հատկապես Ռուսաստանի կարևոր միջնորդական դերը պատերազմական գործողությունների դադարեցման գործում:

Հանդիպմանը կարևորվել է անվտանգության և կայուն խաղաղության անհրաժեշտությունն ամբողջ տարածաշրջանում:

Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետը հայտարարել էր, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման փաստաթուղթ է ստորագրել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում:

ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ ղեկավարների հայտարարության համաձայն․ ՀՀ-ն Բաքվին է փոխանցում Աղդամը, Քելբաջարն ու Լաչինը։ Աղդամի շրջանն ադրբեջանական կողմին է վերադարձվում մինչև 2020-ի նոյեմբերի 20-ը: Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ) ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ և միևնույն ժամանակ չի տարածվի Շուշիի վրա, ու կմնա ՌԴ խաղաղապահ զորակազմի հսկողության տակ:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---