11 նոյեմբերի 2020 - 13:13 AMT
ԱԱԾ․ Մոտ 20 ձերբակալված կա Կառավարությունում, ԱԺ-ում ու այլ վայրերում անկարգություններից հետո

Նոյեմբերի 10-ին պատերազմի դադարեցման համաձայնագրի մասին հայտարարությունից հետո Կառավարության, Ազգային ժողովի շենքերում և պետական նշանակության այլ օբյեկտներում ու հասարակական վայրերում բռնություն գործադրելու, գույք ոչնչացնելու և մի շարք այլ հանցանքներ կատարելու կասկածով հայտնաբերվել և ձերբակալվել է մոտ 20 անձ, հայտնում են ազգային անվտանգության ծառայությունից:

ԱԱԾ-ից հայտնում են, որ իրականացվել են օպերատիվ-հետախուզական մի շարք միջոցառումներ, հարցաքննվել են բազմաթիվ վկաներ, հայտնաբերվել և վերցվել են կառավարական առանձնատնից հափշտակված իրերն ու կատարվել այլ տեսակի քննչական ու դատավարական գործողություններ՝ զանգվածային անկարգությունների բոլոր մասնակիցների, այդ թվում՝ կազմակերպիչների ինքնությունը պարզելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմն էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբրեի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման փաստաթուղթ է ստորագրել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Հայտարարությունից անմիջապես հետո ՀՀ-ում բազմաթիվ մարդիկ փողոց էին դուրս եկել, այդ ընթացքում ծեծի էր ենթարկվել նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։