Մխիթարյանին Covid-19-ի պատճառով չեն թույլատրել միանալ Հայաստանի հավաքականին

Մխիթարյանին Covid-19-ի պատճառով չեն թույլատրել միանալ Հայաստանի հավաքականին

PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը չի կարող միանալ հավաքականին՝ մասնակցելու առաջիկա հանդիպումներին: Պատճառը կրկին կորոնավիրուսն է, տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։

Նոյեմբերի 6-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնական գրություն էր ստացել «Ռոմայից», որում, հաշվի առնելով թիմի ֆուտբոլիստներից մեկի կորոնավիրուսի թեստի դրական պատասխանը, խորհուրդ էր տրվում Հենրիխ Մխիթարյանին ազատել Հայաստանի ազգային հավաքականին միանալու պարտավորությունից:

Նոյեմբերի 7-ին իտալական ակումբից ՀՖՖ ուղարկվել էր Հռոմի շրջանային առողջապահական համակարգի կողմից գրված ևս մեկ նամակ, որում, հղում տալով Իտալիայում ընդունված առողջապահական նոր օրենքին, նշվում է, որ «Ռոմայում» ընդգրկված ֆուտբոլիստները չեն կարող մասնակցել ՈւԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող սպորտային որևէ միջոցառման մինչև կարանտինի ժամանակահատվածի ավարտը: Ֆուտբոլիստները պետք է ինքնամեկուսանան ակումբի բազայում և չեն կարող լքել Իտալիայի սահմանները, հետևաբար՝ միանալ իրենց երկրների հավաքականներին:

Մխիթարյանը պատրաստ էր և մեծ ցանկություն ուներ միանալու Հայաստանի ազգային հավաքականին՝ հաշվի առնելով առաջիկա երկու հանդիպումների կարևորությունը թիմի համար: Ինպես նա, այնպես էլ ՀՖՖ-ն մի քանի օր շարունակ բանակցել են «Ռոմայի» հետ՝ փորձելով բացառության կարգով ապահովել մեր ավագի ժամանումը Հայաստան, սակայն ակումբից ևս մեկ անգամ հաստատել են, որ հարցի դրական հանգուցալուծումը կախված չէ իրենցից:

Այսպիսով, Հենրիխ Մխիթարյանը չի կարողանա ժամանել Հայաստան և մասնակցել հավաքականի առաջիկա հանդիպումներին:

Նշված օրենքը վերաբերում է ոչ միայն «Ռոմային», այլև, օրինակ, «Միլանին», «Ինտերին, «Ֆիորենտինային», «Ջենոային» այսինքն՝ բոլոր այն ակումբներին, որոնք ներկայացնում են Իտալիայում կորոնավիրուսի օջախի առավել մեծ տարածում ունեցող շրջանները:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---