13 նոյեմբերի 2020 - 14:31 AMT
Մոսկվան՝ Բաքվին․ Եթե ՌԴ-ն առաջնորդվեր «դե պատերազմ է» սկզբունքով, Մի-24-ի խոցման պատասխանը ջախջախիչ կլիներ

Մոսկվայում ակնկալում են, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հավասատիացումներն անհապաղ կիրականացվեն՝ կապված Հայաստանի օդային տարածքում ռուսական Մի-24 ուղղաթիռը խոցելու միջադեպը հետաքննելու և մեղավորներին պատժելու հետ։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարությունը՝ անդրադառնալով ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանի խոսքերին, թե պատերազմ է, ամեն ինչ կարող է պատահել։

«Ելնում ենք նրանից, որ ադրբեջանական կողմն այլևս թույլ չի տա այս ողբերգական միջադեպի հետ կապված որևէ երկիմաստ հայտարարություն»,- փոխանցել են Ռուսաստանի արտաքին գերատեսչությունից։

Նախարարությունում ընդգծել են, որ եթե Ռուսաստանը հետևեր «պատերազմի ժամանակ, ինչպես պատերազմի ժամանակ» սկզբունքին, ապա Մի-24-ի հետ կապված միջադեպի պատասխանը ջախջախիչ կլիներ․ «Չէ որ Մոսկվայում արդեն ընդունել էին Բաքվի խոստովանական և ներողություն խնդրելու խոսքերը»։

Նոյեմբերի 9-ին ռուսական Մի-24 ուղղաթիռ էր խոցվել Հայաստանի Երասխ բնակավայրի տարածքում՝ Նախիջևանի հետ սահմանին՝ ադրբեջանական դյուրակիր զենիթահրթիռային համալիրի հարվածից։

Ավելի ուշ Բաքուն ընդունել էր իր կողմից ուղղաթիռի խոցման փաստը և հայցել ռուսական կողմի ներողամտությունը՝ նշելով, որ «ուղղաթիռի խոցումը դժբախտ պատահար է, և ուղղված չի եղել Ռուսաստանի դեմ»։