13 նոյեմբերի 2020 - 12:46 AMT
Նոյեմբերի 14-ին «Սասնա ծռերը» ավտոերթ կանեն դեպի Քարվաճառ

«Սասնա ծռեր» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը հայտարարել է, որ ավտոերթ են կազմակերպում դեպի Քարվաճառ։ Նրա խոսքով՝ Քարվաճառը դեռ պահպանելու հնարավորություն կա։

«Քարվաճառն անառիկ պահող զինվորը պետք է տեսնի, որ ժողովուրդը կանգնած է իր թիկունքին և աջակցում է իրեն։ Աշխարհը պետք է տեսնի, որ մենք չենք հրաժարվում Քարվաճառից և ձգտում ենք պահպանել մեր լեռնային ամրոցը»,- հայտնել է նա՝ նշելով, որ այդ նպատակով նախաձեռնում է ավտոերթ դեպի Քարվաճառ և կոչ անում մասնակցել դրան։

Ավտոերթը մեկնարկում է նոյեմբերի 14-ի առավոտյան։ Նշվում է, որ մանրամասները կհրապարակվեն ավելի ուշ՝ «ավտոերթի վերաբերյալ իվենթում»։

Ըստ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նոյեմբերի լույս 10-ի գիշերը հրապարակված հայտարարության, ՀՀ-ն Ադրբեջանին վերադարձնում է Քելբաջարի շրջանը (Քարվաճառ) մինչև 2020 թ. նոյեմբերի 15-ը, իսկ Լաչինի շրջանը՝ մինչև 2020 թ. դեկտեմբերի 1-ը: Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որը ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ, ընդորում շրջանցելով Շուշի քաղաքը, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո: