«Իմ քայլը» ու ԲՀԿ-ականները միմյանց մեղադրել են բռնություններին աջակցելու մեջ

«Իմ քայլը» ու ԲՀԿ-ականները միմյանց մեղադրել են բռնություններին աջակցելու մեջ

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը տեսանյութ է հրապարակել նոյեմբերի 10-ին ցուցարարների՝ ԱԺ և կառավարության շենք ներխուժելուց և արած անկարգություններից։ Տեսանյութում ցուցադրվում է, որ նրանց թվում կան ԲՀԿ-ականներ, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին մտերիմ մարդիկ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին աջակցող և Հանրապետական կուսակցության հետ կապ ունեցող մարդիկ։

Ազգային ժողովում իշխող «Իմ քայլը և ամենամեծ ընդդիմադիր խմբակցության՝ ԲՀԿ-ի պատգամավորները միմյանց մեղադրել են բռնություններին աջակցելու համար։

«Իմ քայլից» Արփի Դավոյանը հայտարարել է, որ ընդդիմությունը պետք է ամաչի ԱԺ դահլիճի կոտրված բռնակների համար։ Իշխանական պատգամավորներին ԲՀԿ-ականները հիշեցրել են իրենց «անցյալը», երբ վերջիններս հեղափոխության օրերին կոտրում էին ռադիոտան շենքը։ «Իմ քայլից» Լենա Նազարյանը Ռադիոտան դռան կոտրելը բացատրել է ուղիղ եթեր պահանջելու նպատակով։

«Դուք էլ պետք է ամաչեք Արցախը հանձնելու համար, դուք իշխանության եկաք Ռադիոտունն ու ԵՊՀ-ն ջարդելով»,- ասել է ԲՀԿ-ից Իվետա Տոնոյանը:

«Դուք ոչ թե ջարդել եք Ռադիոտան շենքի ապակիները, այլ ավերել եք այն: Դուք համալսարանի ռեկտորին թույլ չէիք տալիս… նրա սիրտը վատացել էր, խնդրում էր, որ միջանցք բացեիք, որ դուրս գա, իսկ դուք թույլ չէիք տալիս»,- նշել է ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը:

Նրա խոսքով՝ իր երեխան այս օրերին նամակ է ստացել՝ «մամայիդ դիակը տարել ենք Բժշկականի կողքի մորգ»:

Զոհրաբյանն անդրադարձել է նաև վարչապետի կեցավայրից օծանելիք և կոնյակ գողանալու դեպքին․ «Պատերազմից հետո ես մեկ անգամ ցավ տեսա Նիկոլ Փաշինյանի աչքերում, երբ հայտարարեց, որ իր դուխին և իր կոնյակը գողացել են»։ Պատգամավորը խոստացել է «վերադարձնել նրա դուխին և կոնյակը»։

Զոհրաբյանը Նազարյանին մեղադրել է նաև մայր լինելով հանդերձ ֆեյսբուքում ընդդիմության հասցեին բռնության, խուլիգանական կոչեր ու հայհոյանքներ պարունակող լայվեր շեյր անելու համար։

Նազարյանը պատասխանել է, թե տեսանյութերով կիսվել է հարձակումներից հետո՝ ի պատասխան տեղի ունեցածի՝ ընդունելով այն որպես եղածի դատապարտում։ Նա հայտնել է, որ անկեղծորեն ուրախ է լսել, որ Շաքե Իսայանը, Զոհրաբյանը դեմ են բռնությանը։

ԲՀԿ-ական Իսայանը հայտարարել էր, որ շատ է ցավում՝ իրենք չեն հասցրել կանխել ԱԺ նախագահ Արարատ միրզոյանի հետ տեղի ունեցած միջադեպը։

«ԲՀԿ-ի համար դատապարտելի է, դրա մասին բազմիցս ասել ենք։ Եվ հենց դրա համար էլ՝ այդ օրը մենք, ի տարբերություն ձեզ, և կառավարությունում էինք, և ԱԺ-ում, և հուսամ՝ լայվերից տեղեկացել եք, թե ինչպես էինք փորձում հանդարտեցնել ժողովրդի ցասումը»։

Իսայանը նույնպես հիշեցրել է նախկինում ժողովրդին ռադիոտան և ԱԺ շենք ուղեկցելու դեպքերը։

«Այս 2.5 տարվա ընթացքում ասում էինք ատելության մթնոլորտ եք գեներացնում, ականջներն ամուր փակում էիք, թաքուն հրճվում, որովհետև մեզ էին թիրախավարում, ասում էիք՝ դե ժողովուրդը ձեզ չի սիրում, դրա համար էլ ձեզ է հայհոյում ու ձեզ է վիրավորում։ Հիմա ժողովուրդը ձեզ չի սիրում, ձեզ չի ընդունում, բարի եղեք՝ հաշվի նստեք իրադրության հետ, և մի բողոքեք այն մեթոդներից, որը ժողովրդին սովորեցրել եք ինքներդ»,- եզրափակել է ելույթը Իսայանը։

«Իմ քայլը» պատգամավոր Համազասպ Դանիելյանն իր հերթին հայտնել է, որ նախորդ մեկ շաբաթում ինքն ու իր ընտանիքը ստացել են հայհոյանքներ, անեծքներ, դարձել ֆիզիկական հաշվեհարդարի թիրախ. «Ես գիտակցաբար որոշել եմ նվազագույն քայլ անել և չարձագանքել դրանց: Դա թուլության նշան չէ, այլ օրվա հրամայական՝ հանդարտեցնել կրքերը, անկախ նրանից, թե դա որքանով է արդար: Հանրության բոլոր շերտերին հորդորում եմ ցուցաբերել օրինակելի վարք, որը ցուցաբերվել է պատերազմի օրերին»:

Իմքայլական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն էլ Արարատ Միրզոյանին ծեծելու դեպքը նմանեցրել է ռազմական բժիշկ Վահե Ավետյանի սպանությանը, նրա տպավորությամբ՝ հատուկ հանձնարարականով է դա արվել։

Իշխանական մեկ այլ պատգամավոր Նազելի Բաղդասարյանը ընդդիմությանը մեղադրել է աթոռակռվի համար․ «Անկախ կուսակցությունից` բոլորս պետք է լինենք պետականամետ: Դա մահափորձ էր Արարատ Միրզոյանի դեմ. նա միայն «Իմ քայլի» նախագահը չէր, այլ խորհրդարանի նախագահն էր: Ես ձեր փոխարեն ամաչում եմ»:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---