Պուտին. Շուշին հանձնելու պայմանը նախկինում բանակցային սեղանին չի եղել (Թարմացված)

Պուտին. Շուշին հանձնելու պայմանը նախկինում բանակցային սեղանին չի եղել (Թարմացված)

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Շուշին հանձնելու պայմանը նախկինում բանակցային սեղանին չի եղել, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ըստ նրա՝ այդ հարցն առաջացել է վերջին ռազմական գործողությունների ժամանակ:

Նոյեմբերի 17-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պատերազմի մեկնարկից ի վեր, երբ եղել են համաձայնության տարբերակներ, եթե ոչ ամենասկզբում, ապա X օրից Շուշին, որպես պատերազմի դադարեցման նախապայման եղել է օրակարգում, և դա անհերքելի փաստ է։ Փաշինյանի հայտարարությունից հետո արտաքին գործերի նախարարությունից հայտնել էին, որ խաղաղ գործընթացի որևէ փուլում չի եղել Շուշի քաղաքից հրաժարվելու հարց: Ժամեր անց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել։

ՌԴ նախագահը նաև նշել է, որ դեռ հոկտեմբերին համոզել էր Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևին դադարեցնել ռազմական գործողությունները՝ պայմանով, որ ադրբեջանցի փախստականները կարողանան վերադառնալ, «այդ թվում՝ Շուշի», բայց հայկական կողմը դրան դեմ է եղել: Նա նաև հավելել է, որ չի հասկացել՝ ինչու է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել ընդունել այդ պայմանը:

«Փաշինյանն ինձ ուղիղ ասաց, որ ՀՀ ու Ղարաբաղի հետաքրքրությունների համար այդտեղ վտանգ է տեսնում, չնայած մինչև հիմա էլ չեմ հասկանում՝ ինչումն էր այդ վտանգը: Նկատի ունեմ, որ նախատեսվում էր խաղաղ բնակիչների վերադարձ, հայկական կողմն էլ շարունակելու էր վերահսկել Ղարաբաղի այդ հատվածը (հարավային,- խմբ.), այդ թվում՝ Շուշին, հաշվի առնելով, որ այդտեղ տեղակայվելու էին մեր խաղաղապահները, ինչի մասին այդ ժամանակ արդեն պայմանավորվում էինք և Հայաստանի, և Ադրբեջանի հետ»,- նշել է նա:

Վլադիմիր Պուտինը նաև նշել է, որ Փաշինյանի հասցեին դավաճանության մասին հնչող մեղադրանքները որևէ հիմք չունեն:

Անդրադառնալով Հայաստանում ստեղծված հետպատերազմական իրավիճակին՝ նա նշել է՝ իշխանությունը չի կարող թույլ տալ, որ հասարակությունը ներսից պառակտվի:

ՌԴ նախագահի խոսքով՝ մինչև հրադադարը Ղարաբաղում իրադրությունը կրիտիկական է, ամեն հարց ժամերի ընթացքում էր լուծվում, ԵԱՀԿ ՄԽ շրջանակում բանակցություններ վարելն անհնար էր ժամանակի բացակայության պատճառով:

«Եթե Հայաստանը հրաժարվեր ձեռք բերված պայմանավորվածությունից, դա երկրի համար ինքնասպանություն կլիներ»,- նշել է նա:

Պուտինը նաև հայտարարել է, որ ԼՂ հարցով պայմանավորվածությունը ձևակերպվել է մեկ օրվա մեջ, «պայքարը գնում էր ամեն բառի համար, ամեն ստորակետի»:

ԼՂ կարգավիճակի մասին ՌԴ նախագահն ասել է՝ այն վերջնականապես հստակեցված չէ, Մոսկվան պահպանում է ստատուս-քվոն:

«Եթե Հայաստանի ու Ադրբեջանի միջև նորմալ հարաբերություններ լինեն, հնարավոր կլինի լուծել նաև Ղարաբաղի կարգավիճակի հարցը»,- հավելել է նա:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության գալու հանգամանքներին, Պուտինը նշել է, որ դա չի ազդել ՌԴ ու ՀՀ հարաբերությունների բնույի վրա:

 Ուշագրավ
Կողմերը նաև քննարկել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի ակտուալ հարցեր
ԱԳ նախարարը նամակում անդրադարձ է կատարել Ադրբեջանի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների խախտման դեպքերին
Փաշինյանն ընդգծել է ստորագրած եռակողմ հայտարարույթյան կարևորությունը