19 նոյեմբերի 2020 - 13:30 AMT
Բունդեսթագը կոչ է արել արգելել թուրքական «Գորշ գայլերի» գործունեությունը

Բունդեսթագը կոչ է արել Գերմանիայի կառավարությանն արգելել թուրքական ծայրահեղ աջակողմյան «Գորշ գայլերի» գործունեությունը Գերմանիայի տարածքում։

Բունդեսթագը նոյեմբերի 18-ի հայտարարության մեջ ողջունել է Ֆրանսիայի կառավարության նմանատիպ որոշումը՝ հույս հայտնելով, որ Ֆրանսիայի օրինակին կհետևեն նաև այլ պետություններ։

Նոյեմբերի 18-ին խորհրդարանն ընդունել է քրիստոնեական ՔԴՄ/ՔՍՄ, սոցիալ-դեմոկրատների, ազատ դեմոկրատների և կանաչների համատեղ հայտարարությունը՝ հորդորելով կառավարությանը ուշադիր հետևել «Գորշ գայլերի» գործունեությանը և «վճռականորեն հակազդել նրանց իրավական կառավարության միջոցներով», գրում է Deutsche Welle-ն։

Փաստաթղթում նշվում է, որ «Գորշ գայլեր» շարժումը հենվում է ազգայնական և ռասիստական գաղափարախոսության վրա, թշնամաբար է տրամադրված ժողովրդավարությանը և խարխլում է ԳԴՀ ներքին անվտանգությունը։ Նշվում է նաև, որ «Գորշ գայլերը» կապեր ունեն թուրքական Ազգայնական շարժման կուսակցության հետ, որը Թուրքիայում ձևավորում է իշխող կոալիցիան Էրդողանի Արդարության և զարգացման կուսակցության հետ։

Գերմանիայում մոտ 11,000 «գորշ գայլ» կա։ Նոյեմբերին այդ կազմակերպությունն արգելվել է Ֆրանսիայում՝ «ատելության և խտրականության տարածման» և բռնության համար։