Մովսես Հակոբյանը՝ վարչապետի հրամանների, ԳՇ նախկին պետի ու Աննա Հակոբյանի մասին

Մովսես Հակոբյանը՝ վարչապետի հրամանների, ԳՇ նախկին պետի ու Աննա Հակոբյանի մասին

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 30-ի դրությամբ՝ Արցախն իր լրահամալրման պլանն իրականացրել է 70%-ով, ՀՀ-ն՝ 52%-ով, այստեղ «հանցագործություն է կատարվել», երկրի ղեկավարը կանգնեցրել է լրահամալրման բարդ գործընթացը և կամավորականներին առաջնագիծ ուղարկել, հայտարարել է ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը, փոխանցում է Para Tv-ն ։

Ըստ նրա՝ պաշտոնատար անձինք, ովքեր պատասխանատու են այս գործընթացի համար ու գիտեն, որ գալու է ժամանակը, որ պատասխան են տալու, ձայնագրել են այս խոսակցությունը։

Հակոբյանի խոսքով` կամավորականները, չեն ունեցել սպառազինության ու հանդերձանք, դրանք միայն լրահամալրման համար են նախատեսված եղել։ Ըստ նրա՝ կամավորակնները ներդաշնակված չեն գործող անձնակազմին, առաջին իսկ մարտի ժամանակ նրանց մի մասը կոտորվել է մարտի դաշտում, մյուսը՝ փախչել։

«Թիվ կասեմ, որը ձեզ կսարսափեցնի։ Պատերազմի 5-րդ օրն արդեն Արցախում 1500 հոգի փախած մարդ կար, որոնք իզոլացվել են տարբեր տեղեր, որպեսզի չգան ՀՀ ու խուճապ չառաջացնեն»,- ասել է Հակոբյանը՝ հավելելով, որ այդ մարդիկ կերակրվել են բանակի սննդով ու հսկվել զինռեսուրսների հաշվին։

Ըստ նրա՝ մինչև պատերազմի 3-րդ օրը բանակը որևէ զիջում չի ունեցել, զինվորները մինչև վերջ են մարտնչել, հակառակորդը մխրճվել է, քանի որ լրահամալրում չենք ունեցել։

Նրա խոսքով՝ սպառազինության ու ռազմական տեխնիկայի ձեռքբերման ոլորտում ևս խնդիրներ են եղել, ըստ Հակոբյանի՝ ՌԴ կառավարության որոշմամբ արգելված է ՍՈւ 30-ների զինամթերքն այլ երկրին վաճառել, հայկական ՍՈւ-երն այսօր ՀՀ-ում են առանց զինամթերքի։

Հակոբյանի խոսքով՝ ԼՂ-ում գտնվելու ժամանակ իր հիմնական գործն այն է եղել, որ չեզոքացնի ոչ զինվորականների մուտքը հրամանատարական կետ և հրամանատարի գործունեությանը միջամտելուն, ամբողջությամբ չի հաջողվել։

Պատասխանելով վարչապետի տիկնոջ Աննա Հակոբյանի՝ ռազմական գործողությունների ղեկավարմանը մասնակցելու մասին հարցին՝ Հակոբյանն ասել է, որ մեկ անգամ է նրան տեսել հրամանատարական կետում, էկրանի առաջ նստած, դիտել են Մատաղիսի գործողությունները, որևէ բանի նա չի միջամտել։

«Դրանից հետո ես մոտեցա, խնդրեցի տիկին Աննային, ասացի՝ այսպիսի դիտարժան բաներ չի լինելու, մյուս ուղղություններում մարտեր են, նպատակահարմար կլինի, որ գնաք, տղաները խոսում են, գոռում են, կարող է նաև հայհոյեն և կաշկանդվում են ձեզնից։ Ասաց՝ լավ։ Մի 20 րոպե նստեց, գնաց, 4 ժամից ինձ կանչեցին Երևան։ ՊՆ ղեկավարն ինձ ասաց, որ վարչապետի հրաման կա, որ այլևս ես չգնամ այնտեղ»,- հայտարարել է Հակոբյանը։

Խոսելով ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանի նշանակման մասին՝ Հակոբյանն ասել է, որ Փաշինյանը Գլխավոր շտաբի պետ է նշանակել ամենաանպատրաստ գեներալին. «այդ օրվանից սկսել է բանակի քանդման գործընթացը։ Սա դավաճանություն չէ, անգրագիտություն է, և պատերազմի արվեստին ու ղեկավարման համակարգին չտիրապետել»։

Մովսես Հակոբյանը ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնից ազատվել է 2018-ի մայիսին։ Այդ ժամանակ նրան փոխարինել է Արտակ Դավթյանը, որը պաշտոնավարել էր մինչև 2020-ի հունիս։

Ըստ նրա՝ կռվողները տեսել են որտեղ է խնդիրը, իսկ այդ խնդիրներն ավելի վաղ դրվել են նաև վարչապետի սեղանին։

«Երբ ազատվել եմ Գլխավոր շտաբի պետի պաշտոնից, իսկ ես հեշտությամբ չեմ ազատվել այդ պաշտոնից, որովհետև վարչապետն իրավասու չէ ազատելու, ասել եմ՝ եթե հրամանը գրեք բողոքարկելու եմ, որովհետև սա լուրջ պաշտոն է։ Հիմնավորում եմ պահանջել վարչապետից ինձ պաշտոնից ազատելու համար, տևել է 5 օր, հիմնավորումը բերվել է, ինձ բավարարել է և ասել եմ՝ իրավունք ունեք, չեմ բողոքարկելու, նաև առաջարկել եմ պաշտոնյայի, ով կարող է ինձ փոխարինել»,- նշել է նա։

Հակոբյանը նշել է, որ ավելի ուշ է իմացել իրեն փոխարինող պաշտոնյայի անունը, չնայած խոսակցություն է եղել, որ իր հետ քննարկվելու է նշանակումը։

Գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետի պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել նոյեմբերի 18-ին։ Հակոբյանն այդ պաշտոնին էր նշանակվել 2019 թվականի նոյեմբերի 19-ին։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---