Խոսնակը՝ Հակոբյանի խոսքերի մասին․ Վարչապետը դրանք համարում է մտացածին ու անհեթեթ

Խոսնակը՝ Հակոբյանի խոսքերի մասին․ Վարչապետը դրանք համարում է մտացածին ու անհեթեթ

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանի կողմից իր հասցեին հնչած մեղադրանքները համարում է մտացածին ու անհեթեթ, ըստ պատեհության կանդրադառնա դրանց, իսկ հայտարարություններով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները, հայտարարել է Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը։

Նա հայտնել է, որ ԳՇ նախկին պետի հայտարարություններն ուսումնասիրվում են նաև վարչապետի նկատմամբ սուտ մատնություն անելու համատեքստում:

Ավելի վաղ Մովսես Հակոբյանը հայտարարել էր, թե պատերազմի ընթացքում «հանցագործություն է կատարվել», երկրի ղեկավարը կանգնեցրել է լրահամալրման բարդ գործընթացը։ Հակոբյանի խոսքով սխալներ են արվել նաև զենքերի ձեռքբերման ու պատերազմի ընթացքում կայացված որոշումների ժամանակ։

Գևորգյանի խոսքով՝ Հակոբյանի հայտարարությունը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մինչ սեպտեմբերի 30-ը որևէ հեռախոսազրույց չի ունեցել, իրականությանը չի համապատասխանում։ Փաշինյանի խոսնակը տեղադրել է վարչապետի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարությունները՝ սեպտեմբերի 27-ին և 29-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցների մասին։

«Վարչապետի հասցեին Հակոբյանի հնչեցրած մյուս մեղադրանքներն ունեն ճշտության նույնպիսի աստիճան: Ամեն դեպքում, կարծում եմ Հայաստանի իրավապահ մարմինները պետք է քննեն պարոն Հակոբյանի արած բոլոր հայտարարությունները և դրանք պետք է հատիկ-հատիկ պարզաբանվեն և գնահատականի արժանանան»,-գրել է Գևորգյանը։

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Հակոբյանի ասուլիսից հետո հայտնել էր, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ասուլիսի տեսագրությունն ուղարկել է հատուկ քննչական ծառայություն՝ ներկայացված հանգամանքները քրեադատավարական ընթացակարգով ստուգելու և իրավական գնահատական տալու հանձնարարությամբ:

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում:

Ընթերցեք նաև․ Մովսես Հակոբյանը՝ վարչապետի հրամանների, ԳՇ նախկին պետի ու Աննա Հակոբյանի մասին

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---