Դելոնը, Ռենոն, Կարդինալեն ֆրանսիացի 120 գործիչի թվում սատարում են Հայաստանին և Արցախին

Դելոնը, Ռենոն, Կարդինալեն ֆրանսիացի 120 գործիչի թվում սատարում են Հայաստանին և Արցախին

PanARMENIAN.Net - Ֆրանսիական Le Figaro Magazine հանդեսում հրապարակվել է ֆրանսիացի 120 նշանավոր մշակութային գործչի և մտավորականի կոչը՝ ի պաշտպանություն Հայաստանի և Արցախի, տեղեկացնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը ֆեյսբուքյան իր էջում։

Կոչին միացածների թվում են աշխարհահռչակ դերասաններ Ալեն Դելոնը, Կլաուդիա Կարդինալեն, Ժան Ռենոն, Ֆանի Արդանը, Դանի Բունը, Ժուլիետ Բինոշը, Պիեռ Ռիշարը, օսկարակիր դերասան Ժան Դյուժարդենը, ճանաչված մտավորականներ Ժակ Աթալին, Բեռնար-Անրի Լևին, համաշխարհային ճանաչում ունեցող ռեժիսորներ Կոստա-Գավրասը, Կլոդ Լըլուշը, Միշել Հազանավիչուսը, նշանավոր հեռուստատեսային գործիչ Ստեֆան Բեռնը և աշխարհառչակ խոհարար Ալեն Դյուկասը։

«Օսմանյան կայսրության պարագլուխների կողմից ոճրագործված 1915-ի Հայոց ցեղասպանությունից ավելի քան մեկ դար անց՝ հայ ժողովուրդը վերստին երկու բռնապետության զոհ է դարձել, քանի որ ինչպես Բաքուն, այնպես էլ Անկարան հայերի հանդեպ ատելություն են բորբոքում՝ յուրաքանչյուրն իր բացարձակ իշխանությունը մի նոր արյունալի ավարտով ամրապնդելու համար։ Հայերի ճակատագիրը վայրագորեն խեղվեց Լեռնային Ղարաբաղում, որը նրանք Արցախ են անվանում։

Ավելի քան երկու հազարամյակ այս հողի վրա հեզ և հպարտ մարդիկ են ապրում, ովքեր ամուր կառչած են իրենց քարքարոտ և սքանչելի հողին։

Այդ մարդիկ ցանկանում էին իրենց գոյությունը շարունակել այն հողի վրա, որտեղ անառիկ լեռների սրտում և դառը քրտինքով մշակված հովիտներում նրանց նախնիններն են ապրել, տներ, դպրոցներ ու հրաշագեղ վանքեր կառուցել»,-ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ մարդկային արժանապատվությունից զուրկ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Թուրքիան և Իլհամ Ալիևի Ադրբեջանը կատաղի հարձակում գործեցին արցախահայերի դեմ՝ նրանց օրինական ձգտումը փոշիացնելու։

Նշվում է նաև, որ հայերի համար Լեռնային Ղարաբաղը նախ և առաջ ժողովուրդ է՝ իր բազմադարյա մշակույթով, երաժշտությամբ, պարարվեստով, որը ցանկանում է աշխարհի քայլքին միանալ և ազատվել իրեն պարտադրված անկլավային կարգավիճակից։

«Հակադարձ կերպով Բաքվի և Անկարայի իշխանությունների համար Արցախը սոսկ տարածք է, որտեղ պետք է ամեն գնով ծածանվի Ադրբեջանի դրոշը, և այդ նպատակին ծառայեցվեցին Թուրքիայի հատուկ ջոկատայինները, հակամարտության գոտում քաղաքացիական բնակությանը ոչնչացնելու համար Թուրքիայից ուղարկված մեծաթիվ մարդասպան անօդաչու սարքերը և ջիհադիստ վարձկանները։ Արդեն իսկ ապացուցված է, որ Ադրբեջանն Արցախում կասետային ռումբեր է օգտագործել, որոնք արգելված են միջազգային իրավունքով։ Սա միանգամայն անհավասար պատերազմ է եղել։

Հայերն այդ պատերազմը չեն ցանկացել, պատերազմը նրանց պարտադրվել է, և նրանք պայքար են մղել՝ հանուն իրենց գոյության։ Ադրբեջանական բռնապետության համար այս պատերազմը սոսկ ազգայնական փառասիրության հարց է։ Ադրբեջանի նախագահը պարզ և հստակ կերպով ի ցույց է դրել իր մտադրությունները, երբ Արցախի դեմ լայնածավալ ռազմական ագրեսիայի առաջին օրերին հայտարարում էր․ «Մենք դրանց շների պես կվռնդենք»։ Նա նույն այդ նախադասությունը կրկնեց Արցախի քաղաքացիական բնակչության արտաքսման պատճառ դառնալուց հետո՝ հայտարարելով, որ հպարտ է, որ իրագործել է իր զարհուրելի խոստումը»,-ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ XXI դարում մարդու հանդեպ այսօրինակ ատելությունը, ատելության նմանօրինակ պոռթկումը խորապես վրդովմունք է առաջացնում, որը բացարձակապես չի կարող տեղ գտնել ժամանակակից աշխարհում։

«Ահա թե ինչու ես սատարում եմ Հայաստանին, ես սատարում եմ Արցախին»,-ասվում է հայտարարության մեջ

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում:

 Ուշագրավ
Ըստ պետքարտուղարի՝ Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի հարցի շուրջ, և այս բանակցությունների արդյունքը «չի կարող նախապես և միակողմանիորեն որոշված լինել»
Հեռախոսազրույցը տեղի է ունեցել թուրքական կողմի նախաձեռնությամբ
Նա նշել է նաև, որ բան չունի ավելացնելու Պուտինի և Էրդողանի հեռախոսազրույցի մասին հաղորդագրությանը
Գլխատված անձի անունը հայտնի է, նրա ազգանունը ճշտվում է