Պուտինը` պատերազմի վերսկսման պատասխանատվության, Աղդամում և Լաչինում համատեղ բնակության, ԼՂ-ում հումանիտար հարցերի լուծման մասին

Պուտինը` պատերազմի վերսկսման պատասխանատվության, Աղդամում և Լաչինում համատեղ բնակության, ԼՂ-ում հումանիտար հարցերի լուծման մասին

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զգուշացրել է, որ Լեռնային Ղարաբաղում պատերազմի վերսկսման դեպքում արյունահեղությունը կլինի այն անձանց խղճին, որոնք փորձում են արգելակել ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը։

«Մարդիկ, որոնք փորձում են դա անել, պետք է հասկանան, որ այլընտրանքը միայն պատերազմը կարող է լինել»,-ասել է նա։

Պուտինը նաև բարձր է գնահատել ռուս խաղաղապահների հստակ և համակարգված աշխատանքը։ Նա նշել է, որ Աղդամից ու Լաչինից հայկական ուժերի դուրսբերումից հետո տեղում մնում են որոշ խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ հայեր։ Պետք է կապ հաստատել երկու կողմի, այս դեպքում՝ ադրբեջանցիների հետ, որպեսզի իրավիճակն այդ շրջաններում կայուն լինի և պայմաններ ստեղծվեն երկու ազգության համատեղ բնակության համար՝ առանց բախումների կենցաղային հողի վրա։ Այս ուղերձը Պուտինը հասցեագրել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրմանատար Ռուստամ Մուրադովին, գրում է ՏԱՍՍ-ը։

Պուտինն ընդգծել է, որ այդ շրջաններում կենցաղային բախումների բացակայությունն արդեն ադրբեջանական կողմի պատասխանատվությունն է։

Նա հայտարարել է, որ հակամարտության կարգավորումը Լեռնային Ղարաբաղում կարևոր է ՌԴ ներքին անվտանգության համար՝ նշելով, որ ՌԴ-ում միլիոնավոր հայեր և ադրբեջանցիներ են ապրում։

ՌԴ նախագահը հույս է հայտնել, որ ՅՈւՆԵՍԿՕ-ն, ինչպես նաև ՄԱԿ Մանկական հիմնադրամը՝ ՅՈւՆԻՍԵՖ-ը կմիանան հումանիտար հարցերի լուծմանը։ Նա կարևորել է կրոնական սրբությունների և պատմական հուշարձանների պահպանությունը՝ ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական։

Նա տեղեկացրել է, որ ՌԴ-ն ներկայացուցչական պատվիրակություն է գործուղում ՀՀ և Ադրբեջան` Լեռնային Ղարաբաղում հրատապ, այդ թվում` հումանիտար հարցերի լուծման նպատակով։

Պուտինը նաև հանձնարարել է սերտ շփում ապահովել ՀՀ և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ և ապահովել միջգերատեսչական հումանիտար կենտրոնի արդյունավետ աշխատանքը։

ՌԴ նախագահը նաև հանձնարարել է որքան հնարավոր է օպերատիվ պարզել, թե ինչ օգնություն է հնարավոր ցուցաբերել տարածաշրջանի բնակիչներին, որոնք տուժել են հակամարտությունից։ Նա առանձնացրել է ձմռան շեմին մարդկանց բնակատեղիների ջեռուցման հարցի լուծման կարևորությունը։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---