Շոյգուն՝ Փաշինյանին․ ԼՂ-ում մեր գլխավոր խնդիրն արյունահեղություն թույլ չտալն է

Շոյգուն՝ Փաշինյանին․ ԼՂ-ում մեր գլխավոր խնդիրն արյունահեղություն թույլ չտալն է

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հարցով Ռուսաստանի գլխավոր խնդիրն արյունահեղություն թույլ չտալն է և այդ խնդիրը դրել է նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը՝ հույս հայտնելով, որ իրենք ԼՂ-ում կհասնեն խաղաղ կյանքի հաստատմանը։

Շոյգուն հանդիպել է Փաշինյանին, հայտարարել, որ իրենք եկել են լիովին կոնկրետ, որոշակի խնդիրներով։

«Մեր կողմից, իհարկե, գլխավոր խնդիրն արյունահեղություն թույլ չտալն է` խնդիր, որը մեր առջև դրել է մեր գերագույն հրամանատարը, և մենք, անկասկած, մտադիր ենք իրականացնել այն: Բացի այդ, մտադիր ենք քննարկել մեր խաղաղապահների հետագա կյանքին և աշխատանքին վերաբերող հարցեր, թե ինչ է անհրաժեշտ դրա համար: Եվ, բնականաբար, քննարկել բոլոր այն հարցերը, որոնք վերաբերում են մեր համագործակցությանը` և՛ ռազմական, և՛ ռազմատեխնիկական ուղղությամբ: Մենք եկել ենք մեծ ծրագրով և հույս ունենք իրագործել այն»,- հայտարարել է Շոյգուն։

Նա նշել է, որ խաղաղապահ զորակազմի տեղակայումն արդեն ավարտվել է, Ղարաբաղի ամբողջ տարածքում` 23 դիտակետով, իրենք վերահսկում են Ստեփանակերտ տանող ճանապարհը, Լաչինի միջանցքը և ապահովում հեռացած փախստականների վերադարձը։

Իր հերթին վարչապետ Փաշինյանը նշել է, որ այժմ բարդ ժամանակներ են և հայկական կողմը հուսով է, որ կկարողանա խորացնել համագործակցությունը ՌԴ-ի հետ, այդ թվում` անվտանգության, ռազմատեխնիկական համագործակցության ոլորտներում։

«Այժմ, իհարկե, մեր տարածաշրջանում այլ ռազմաքաղաքական իրավիճակ է: Այն փոխվել է, և դեռ պետք է ուսումնասիրել այդ իրավիճակի բոլոր պարամետրերը: Եվ, իհարկե, վստահ եմ, որ Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական համագործակցության և եղբայրական բարեկամության ոգով առաջիկայում և ռազմավարական ապագայում մեր կապերը կշարունակեն խորանալ, մեր փոխգործակցությունը կլինի ավելի սերտ և ավելի ռազմավարական»,-նշել է նա։

Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր պատերազմը դադարեցնելու մասին Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հետ հայտարարություն ստորագրելու մասին։ Հայտարարությամբ ՀՀ-ն և Ադրբեջանը կանգ են առնում իրենց զբաղեցրած բնագծերում, բացի այդ, հայկական կողմը Ադրբեջանին է հանձնում Աղդամը, Քարվաճառը, Բերձորը։ Իսկ շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքով ռուս խաղաղապահներ են տեղակայվում։ Նոյեմբերի 10-ից երկրում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցեր են անցկացվում։

 Ուշագրավ
Վարչապետը ստորագրել է համապատասխան որոշումները
Նոյեմբերի 23-ին Արայիկ Հարությունյանն ազատվել է ԿԳՄՍ նախարարի պաշտոնից
Նա մեկնել է կարճատև աշխատանքային այցով