25 փետրվարի 2009 - 15:20 AMT
Թբիլիսին շահագրգիռ է հայկական եկեղեցիների հարցը լուծել առանց ավելորդ քաղաքականացման
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեին եւ նրա գլխավորած պատվիրակությանը։ Հայաստանի եւ Վրաստանի օրենսդիր մարմինների միջեւ համագործակցության զարգացումը, ՀՀ կառավարության ղեկավարի եւ Վրաստանի խորհրդարանի նախագահի համոզմամբ, զգալիորեն կնպաստի նաեւ երկու երկրների միջեւ տնտեսական հարաբերությունների ընդլայնմանն ու խորացմանը, գործադիր մարմինների ակտիվ փոխգործակցությանը։ Օրենսդրական անհրաժեշտ դաշտի ապահովման պարագայում, ըստ զրուցակիցների, կառավարությունները նաեւ հնարավորություն կունենան արագ կյանքի կոչել Հայաստանի եւ Վրաստանի նախագահների միջեւ բարձր մակարդակով ձեռք բերված մի շարք պայմանավորվածություններն ու միջկառավարական հանձնաժողովի որոշումները, որոնք բխում են երկու պետությունների եւ ժողովուրդների դարավոր բարեկամության ոգուց եւ փոխշահավետ բնույթ ունեն. ,Մենք շահագրգիռ ենք, որ հայ-վրացական հարաբերությունները` թե տնտեսական, թե քաղաքական, լինեն կայուն, տարեցտարի զարգանան եւ ընդլայնվեն։ Ինչը լավ է Հայատանի տնտեսության համար, լավ է նաեւ Վրաստանի համար, միաժամանակ օգտակար` տարածաշրջանային համագործակցության առումովե, - ասել է Դավիթ Բաքրաձեն` իր երկրի խորհրդարանի անունից պատրաստակամություն հայտնելով հնարավորինս աջակցել տնտեսական հարաբերությունների զարգացմանը։
ՀՀ վարչապետը եւ Վրաստանի խորհրդարանի նախագահը կարեւորել են հատկապես Ասիական զարգացման բանկի աջակցությամբ դեպի Բաթումի կառուցվելիք Հյուսիս-Հարավ ավտոճանապարհը, որը կողմերի համոզմամբ, այս ժամանակահատվածում նաեւ հակաճգնաժամային բնույթ կունենա` նոր շինարարության մեկնարկով, աշխատատեղերի բացմամբ, այնուհետ նաեւ` ամբողջ ճանապարհի երկայնքով ձեւավորվելիք ենթակառուցվածքով։ Անդրադարձ է եղել նաեւ միջազգային փորձի վրա հիմնված միասնական մաքսակետի ստեղծման խնդրին, որի հայեցակարգն արդեն երկկողմ հավանության է արժանացել, սակայն անհրաժեշտություն կա գործընթացն արագացնելու։ ԱԺ նախագահ Դավիթ Բաքրաձեն խոստացել է այս հարցը եւս ուշադրության կենտրոնում պահել եւ հնարավորության սահմաններում, աջակցել երկու պետությունների նախագահների միջեւ ձեռքբերած այս պայմանավորվածության իրագործմանը եւս։
Հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը բարձրացրել է նաեւ հայ հանրությանն անչափ մտահոգող Թբիլիսիի Սբ. Նորաշեն եկեղեցու հետ կապված խնդիրը, որի լուծումը վրացական իշխանությունները տեսնում են օրենսդրական կարգավորման միջոցով։ Վարչապետը օրենսդիր մարմնի ղեկավարից հետաքրքրվել է, թե ի՞նչ փուլում է գտնվում գործընթացը եւ լուծման ինչպիսի՞ հեռանկար է տեսնում խորհրդարանի նախագահը։ Դավիթ Բաքրաձեն նշել է, թե իր երկրի համար շատ կարեւոր է այս հարցում հայ եւ վրաց եկեղեցիների միջեւ երկխոսությունն ու դրա արդյունքում ձեւավորվելիք ընդհանրական դիրքորոշումը, որին պետությունը պատրաստ է սատարել։ Նա ընդգծել է, որ Վրաստանը շահագրգիռ է հարցը լուծել առանց ավելորդ քաղաքականացման` համոզվածություն հայտնելով, որ նույնպիսի շահագրգռություն ունի նաեւ Հայաստանը։
Զրուցակիցները քննարկել են հայ-վրացական պետական սահմանի դելիմիտացման, սահմանաբաժան գծի անցկացման (դեմարկացման) ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը եւս, կարեւորելով երկկողմ փորձագետների ներգրավմամբ աշխատող համապատասխան հանձնաժողովի կողմից այդ աշխատանքը արագ ավարտելու խնդիրը։ ՀՀ կառավարության ղեկավարը եւ Վրաստանի խորհրդարանի նախագահն ընդգծել են նաեւ երկու երկրների կողմից արտաքին քաղաքականությանն առնչվող կարեւորագույն որոշակի հարցերում մինչ այժմ անկողմնակալ դիրքորոշում պահպանելը, ինչը կարեւոր է ոչ միայն երկու հարեւան երկրների միջեւ բարեկամական հարաբերությունների, այլ նաեւ ամբողջ տարածաշրջանի խաղաղության, կայունության եւ անվտանգության առումով, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը։--ԿԱ--