25 փետրվարի 2009 - 17:36 AMT
Ջավախքի սփյուռքը Մոսկվայում հանդես է եկել Հայաստանի եւ Վրաստանի իշխանություններին ուղղված դիմումով
Ջավախքի սփյուռքը Մոսկվայում հանդես է եկել Հայաստանի եւ Վրաստանի իշխանություններին ուղղված դիմումով, որում անհանսգտություն է հայտնում Սամցխե-Ջավախքի շրջանում վերջերս ստեղծված միջէթնիկական լարվածությամբ: Հիշեցնելով Սամցխե-Ջավախքում հաճախակի դարձած հայ ակտիվիստների ձերբակալությունների մասին` սփյուռքի ներկայացուցիչները նշում են, որ հայ հասարակական կազմակերպությունները մի քանի բողոք են հղել մարդու իրավունքների հարցերով Եվրոպայի Խորհրդի հանձնակատար Թոմաս Համմերբերգին եւ Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությանը, բայց դրանց դեռեւս չեն արձագանքել:

Դիմումում, մասնավորապես, ասվում է. «Վերը նշվածի եւ համատարած անհանգստության հիման վրա մենք` Ջավախքի սփյուռքս, դիմում ենք Վրաստանի պաշտոնական իշխանություններին` ցանկացած հետապնդումները դադարեցնելու եւ Սամցխե-Ջավախքի բոլոր հայ ակտիվիստներին ազատ արձակելու խնդրանքով: Դրա հետ մեկտեղ նպատակահարմար ենք գտնում այն, որ Սամցխե-Ջավախքում բնակվող հայկական համայնքի խնդրանքների եւ պահանջների հիման վրա Վրաստանի իշխանություններին անհրաժեշտ է մշակել եւ իրագործել շրջանի յուրաքանչյուր բնակչի իրավական, տնտեսական, ազգային եւ սոցիալական կարգավիճակի բարելավման միջոցառումների համակարգ: Մենք դիմում ենք նաեւ ողջ եղբայրական վրաց ժողովրդին` կոչ անելով չենթարկվել որոշ սադրիչների կեղծ հայտարարություններին, եւ անկեղծորեն խնդրում ենք Վրաստանի բոլոր բնակիչներին` հարգանքով վերաբերվել միմյանց ավանդույթներին, սովորույթներին, հավատին: Մենք խնդրում ենք միշտ հիշել, որ խարույկն ավելի հեշտ է վառել, քան հանգցնել, ուստի բոլորին կոչ ենք անում լինել ավելի գիտակից եւ թույլ չտալ միջէթնիկական հակամարտություն բխեցնել վրացական հողի վրա: Մենք խնդրանքով դիմում ենք նաեւ Հայաստանի կառավարությանը` թիկունքով չշրջվել Սամցխե-Ջավախքի հայկական համայնքի խնդիրներին եւ խոչընդոտել դրանց մարգինալացմանը: Դրա հետ մեկտեղ մենք դիմում ենք Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանին, ինչպես նաեւ նրա վրաց գործընկեր Սոզար Սուբարիին` համապարփակ կերպով եւ արդարացիորեն կարգավորել այն իրադարձությունները, որոնք տեղի են ունենում Սամցխե-Ջավախքում, պարզել դրանց պատճառները եւ պաշտպանել շրջանի ազգային փոքրամասնությունների շահերը»,- հաղորդում է bagin.info-ն: