ԳԱԱ-ն Փաշինյանի ու Կառավարության հրաժարականն է պահանջում

ԳԱԱ-ն Փաշինյանի ու Կառավարության հրաժարականն է պահանջում

PanARMENIAN.Net - Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը պահանջում է Կառավարության հրաժարականը` վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝ «նվաստացուցիչ» որակելով պատերազմի դադարեցման համաձայնությունը:

«Ստեղծված իրավիճակում Ռուսաստանի խաղաղապահներին համարում ենք Արցախի հայության նկատմամբ թուրք-ադրբեջանական ցեղասպան և հայրենազրկման քաղաքականությունից փրկության և տարածաշրջանում կայունության հաստատման բացառիկ երաշխավոր»,- նշված է հաղորդագրության մեջ։

ԳԱԱ-ն կոչ է արել «ամեն կերպ բացառել բանակի բարոյալքումը, նպաստել դրա համալրմանը, ամրապնդմանը և արդիականացմանը»։

Ակադեմիայի նախագահությունից խստագույնս դատապարտել են «տարիներ շարունակ գիտության նկատմամբ հանրապետության իշխանությունների կրավորական վերաբերմունքը, որի արդյունքում անհնարին է դարձել երկրի պաշտպանական համակարգում ժամանակակից գիտատեխնիկական նվաճումների կիրառումը» ։

ԳԱԱ-ից անթույլատրելի են համարում հասարակության մեջ թշնամության, վրեժխնդրության, անվստահության, ատելության սերմանումը:

Նոյեմբերի 20-ին նման պահանջով հայտարարություն էր տարածել նաև ԵՊՀ-ն։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, նույնը պետք է անի Քարվաճառի պարագայում՝ վերջնաժամկետը նոյեմբերի 25-ն է, իսկ մինչև դեկտեմբերի 1-ը` դուրս գա Լաչինից։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---