ՀՀ նախագահ. Վարչապետ դառնալու հավակնության մասին խոսք լինել չի կարող

ՀՀ նախագահ. Վարչապետ դառնալու հավակնության մասին խոսք լինել չի կարող

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Հանրային հեռուստատեսության «Լուրերին» հարազրույցում անդադառնալով վարչապետ դառնալու հնարավոր հավակնություններին, ասել է, որ հավակնության մասին նույնիսկ խոսք լինել չի կարող։

Սարգսյանը հավելել է, որ պատրաստ է ժողովրդի կողմից ընտրված ցանկացած կառավարության և վարչապետի հետ աշխատել։

Նրա կարծիքով՝ երկիրն ու հայ ազգը խորը ճգնաժամի մեջ են։

«Ճգնաժամը չի որոշվում փողոցում մարդկանց քանակով, իսկ ՀՀ-ում իրոք խորը ճգնաժամ է։ Եվ ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ հայ ժողովրդի շրջանում։ Ճգնաժամ է նաև միջազգային հարաբերություններում՝ երկրի և ազգի կերպարը շատ դրական չէ ներկայումս: Եթե 1994-ին աշխարհը շատ բարյացկամ էր մեր խնդիրների և ղարաբաղյան պայքարի հանդեպ, ապա այսօր պատկերն այլ է՝ մեր հակառակորդները տարիներով նպատակաուղղված աշխատել են այդ ուղղությամբ»,- ասել է նա:

Սարգսյանը հավելել է, որ ՀՀ նախագահն է, և նույնիսկ հայկական խորհրդարանական երկրում, որտեղ նախագահի գործառույթները չափազանց սահմանափակ են, նա ունի հստակ պարտականություններ և աջակցելու հնարավորություն։ Ըստ նրա՝ նախագահական ինստիտուտը պետք է օգտագործվի, որ առճակատումը փողոցից տեղափոխվի սեղանի շուրջ։

Սարգսյանը նշել է, որ շատ ավելին կարող է անել, սակայն բավականին դժվար է աշխատել սահմանափակումների պատճառով։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, նույնը պետք է անի Քարվաճառի պարագայում՝ վերջնաժամկետը նոյեմբերի 25-ն է, իսկ մինչև դեկտեմբերի 1-ը` դուրս գա Լաչինից։Նոյեմբերի 10-ից ՀՀ-ում վարչապետի հրաժարականի պահանջով հանրահավաքներ և այլ ակցիաներ են իրականացվում։

 Ուշագրավ
Վարչապետն առաջարկել է Առողջապահության նախարարի պաշտոնում նշանակել Անահիտ Ավանեսյանին
Արփի Դավոյանի խոսքով՝ շահարկվում է Սյունիքի անվտանգության, գերիների ու հետպատերազմական իրավիճակի հարցը
132 պատգամավորից քվեարկությանը մասնակցել են 84-ը, 4 հոգի դեմ է քվեարկել, 2 քվեաթերթիկ անվավեր է համարվել
Իրականացվում են սահմանների պահպանության համատեղ աշխատանքներ