Ֆրանսիայի ԱԳՆ․ ԼՂՀ միակողմանի ճանաչումը կողմերից ոչ մեկին օգուտ չի տա

Ֆրանսիայի ԱԳՆ․ ԼՂՀ միակողմանի ճանաչումը կողմերից ոչ մեկին օգուտ չի տա

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի ԱԳՆ-ին կից պետքարտուղար Ժան Բատիստ Լեմուանը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միակողմանի ճանաչումը օգուտ չի տա կողմերից ոչ մեկին՝ ոչ ՀՀ-ին, ոչ Լեռնային Ղարաբաղին, ոչ Ֆրանսիային։ Նա այդ մասին ասել է Ֆրանսիայի Սենատի նիստում, որի արդյունքում ընդունվեց Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման անհրաժեշտության մասին բանաձևի նախագիծը։

Սենատի բանաձևով կոչ է արվում Ֆրանսիայի կառավարությանը ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը։

«Ֆրանսիայի կողմից ԼՂ անկախության միակողմանի ճանաչումը ոչ մեկին օգուտ չի տա։ Դա չի բխում ոչ Հայաստանի, ոչ Լեռնային Ղարաբաղի, ոչ Ֆրանսիայի, ոչ եվրոպացի գործընկերների, ոչ ԵԱՀԿ Մինսկի խմբի շահերից»,-ասել է նա, գրում է ՏԱՍՍ-ը։

Նա հիշեցրել է, որ ոչ մի պետություն, այդ թվում` Հայաստանը, չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։

«Ֆրանսիան կարող է միջնորդի դեր կատարել միայն բոլոր կողմերի վստահության պարագայում։ Այդ հարցին պետք է մոտենալ պատասխանատվությամբ և գիտակցելով այդ քայլի բոլոր հետևանքները։ ԼՂ խնդիրը կարող է լուծում ստանալ ոչ թե միակողմանի քայլի, այլ միայն կողմերի երկխոսության արդյունքում»,-ասել է նա։

«Այսօր կողմերը, ինչպես երբեք, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցության կարիքն ունեն, շարունակելու համար երկխոսությունը»,- ասել է դիվանագետը՝ նշելով, որ «խորհրդանշական ճանաչումը ոչ մի օգուտ չի տա խաղաղ գործընթացին»։

Նոյեմբերի 25-ին Ֆրանսիայի Սենատը Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման անհրաժեշտության մասին բանաձևի նախագիծ է ընդունել։ Սենատի ընդունած նախագժով Ֆրանսիայի կառավարությանն առաջարկվում է ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։Քվեարկությանը մասնակցել է Սենատի 306 անդամ, դեմ է եղել նրանցից միայն մեկը։ Բանաձևը ներկայացրել էին սենատորներ Բրունո Ռետայոն, Պատրիկոի Մաննեն, Էրվե Մարսելը, Ալիան Աղասսին և Գիլյոմ Գոնտարդը:

 Ուշագրավ
Կողմերն անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին
Ավելի վաղ ԱՀ նախագահը հանդիպել էր Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ
Նա նշել է, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը չի կարող անտարբեր և լուռ մնալ
---