25 փետրվարի 2009 - 23:28 AMT
ՀԲ-ն կշարունակի սատարել տարածաշրջանի երկրներին տնտեսական ճգնաժամի շրջանում
Համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում Սեւծովյան տարածաշրջանի ինտեգրման հնարավորություններն ու խնդիրները քննարկվեցին Աթենքում կայացած խորհրդաժողովի ընթացքում: Միջոցառմանը ներկա էին շուրջ 150 քաղաքական գործիչներ, խորհրդարանականներ եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ Բուլղարիայից, Հայաստանից, Ադրբեջանից, Վրաստանից, Մոլդովայից, Ռումինիայից, Ռուսաստանից, Թուրքիայից, Ուկրաինայից, ինչպես նաեւ տնտեսական եւ սոցիալական հարցերի գծով միջազգային եւ տարածաշրջանային փորձագետներ:

Բելառուսում եւ Ուկրաինայում Համաշխարհային բանկի տնօրեն Լուկա Բարբոնեն, ելույթ ունենալով խորհրդաժողովում, նշել է, որ 1999-2006թթ համեմատ ՀՆԱ աճը սեւծովյան տարածաշրջանի երկրներում աճել է շուրջ 6 տոկոսով, ինչը թույլ կտա նվազեցնել աղքատության մակարդակն այդ երկրներում: Նրա խոսքերով, ՀԲ-ն շարունակում է սատարել տարածաշրջանի երկրներին տնտեսական ճգնաժամի շրջանում:

Իր հերթին Հունաստանի արտգործնախարար Դորա Բակոյանին նշել է, որ խորհրդաժողովը տարածաշրջանի երկրներին տնտեսության ոլորտում փորձի փոխանակման հնարավորություն է ընձեռում: Բացի այդ, ըստ Հունաստանի ԱԳՆ ղեկավարի, խորհրդաժողովի մասնակիցները կսովորեն, թե ինչպես պահպանել վերջին տարիներին իրենց երկրներում գրանցված տնտեսական աճը: Դորա Բակոյանին ընդգծել է, որ Հունաստանը կաջակցի սեւծովյան տարածաշրջանի երկրներին տնտեսական խնդիրրների լուծման հարցում:

Ըստ փորձագետների կանխատեսումների, 2009-ին ակնկալվում է ՀՆԱ աճի զգալի նվազում, իսկ 2010թ. կանխատեսվում է ՀՆԱ կտրուկ անկում Սեւծովյան տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության անդամ երկրներում եւ եվրոյի գոտում: