Կապանի քաղաքապետ․ Կեղծ է լուրը, թե սյունեցիները գնում են Գորիս-Կապան ճանապարհը պաշտպանելու

Կապանի քաղաքապետ․ Կեղծ է լուրը, թե սյունեցիները գնում են Գորիս-Կապան ճանապարհը պաշտպանելու

PanARMENIAN.Net - Գորիս-Կապան ավտոճանապարհի հետ կապված որևէ խնդիր չկա, կեղծ է լուրը, թե մարդիկ գնում են ճանապարհը պաշտպանելու, PanARMENIAN.Net ին ասաց Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը։

Հայաստանի հարավային երկու խոշոր քաղաքը կապող Գորիս-Կապան ճանապարհի մի հատվածն անցնում է «ադրբեջանական նոր սահմանով», նախկին Ադրբեջանի ԽՍՀ տարածքով։

Նոյեմբերի 30-ին տեղեկություն էր տարածվել, իբրև Սյունիքում մարդիկ իրենց նախաձեռնությամբ հավաքվել են, զենք վերցրել ու գնում են Գորիս-Կապան ավտոճանապարհը պաշտպանելու։

Հայկական միասնական կենտրոնից էլ, հղում անելով Փարսյանին, հայտնում են, որ ԽՍՀՄ սահմաններով Հայաստան-Ադրբեջան սահմանն անցնում է Կապանի օդանավակայանի մոտով, բայց օդանավակայանը մնում է հայկական տարածքում։

Ավելի վաղ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնել էին, որ Գորիս-Կապան ճանապարհի մի հատվածով երթևեկության հարցով հայկական կողմը զբաղվում է։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, նույնը պետք է անի Քարվաճառի պարագայում՝ վերջնաժամկետը նոյեմբերի 25-ն է, իսկ մինչև դեկտեմբերի 1-ը` դուրս գա Լաչինից։

Ընթերցեք նաև․ Գորիս-Կապան ճանապարհի` Ադրբեջանի ԽՍՀ-ով անցնող հատվածի հարցով հստակություն դեռ չկա

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---