Մուսինյան․ ՀՀ 3 նախագահն ուղերձներ էին պատրաստել, որ Փաշինյանի քայլն անձնական նախաձեռնություն չդիտվեր

Մուսինյան․ ՀՀ 3 նախագահն ուղերձներ էին պատրաստել, որ Փաշինյանի քայլն անձնական նախաձեռնություն չդիտվեր

PanARMENIAN.Net - ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի պարզաբանումներին հոկտեմբերի 19-ի զարգացումների վերաբերյալ, գրել է՝ պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ աջակցության նույնպիսի հրապարակային ուղերձներով հանդես էին գալու նաև ՀՀ նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը, որպեսզի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումն անհապաղ հրադադարի վերաբերյալ չդիտվեր որպես նրա անձնական նախաձեռնություն և դրա ամբողջ պատասխանատվությունը չընկներ նրա վրա, «ավելի պարզ ասած` նրա դեմքը փրկելու համար»:

«Դժբախտաբար, Փաշինյանի հիվանդագին ինքնասիրությունը նրան թույլ չտվեց հասկանալ այս քայլի կարևորությունը, և նա կտրականապես արգելեց հրապարակել Արայիկ Հարությունյանի նամակը, դրանով խափանելով նաև Արցախի և Հայաստանի նախկին նախագահների աջակցության ուղերձների հրապարակումը»,- ասվում է գրառման մեջ:

Նշվում է, որ Տեր-Պետրոսյանը նույնիսկ պատրաստել էր իր գրավոր հայտարարությունը, որը Մուսինյանը ներկայացրել է.

«Ղարաբաղյան շարժման առաջին օրվանից «Ղարաբաղ» կոմիտեն, ՀՀՇ-ն և Հայաստանի հետագա բոլոր իշխանությունները ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ոչ մի քայլ չեն արել առանց Լեռնային Ղարաբաղի ղեկավարության համաձայնության: Այնպես, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները չեն կարող, ավելին` իրավունք չունեն անտեսելու Արցախի իշխանությունների պահանջը. Լևոն Տեր-Պետրոսյան»:

«Այս ամենը տեղի է ունեցել հոկտեմբերի 19-ին, երբ դեռ պատերազմի վիճակը կատաստրոֆիկ չէր, և եթե այդ պահին կրակը դադարեցվեր, հայկական կողմը կխուսափեր հազարավոր նոր զոհերից և տարածքային հետագա կորուստներից»,- ասվում է գրառման մեջ:

Նոյեմբերի 29-ին և 30-ին վարչապետ Փաշինյանն իր ֆեյսբուքյան գրառումներում նշել է, որ հոկտեմբերի 19-ին իրեն զանգահարել էր Արայիկ Հարությունյանը և ասել, որ պետք է կանգնեցնել պատերազմը, նշելով նաև, որ այս տեսակետը փոխանցում է ոչ միայն իր, այլև ՀՀ և ԼՂՀ պաշտոնաթող նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի անունից:

 Ուշագրավ
Արփի Դավոյանի խոսքով՝ շահարկվում է Սյունիքի անվտանգության, գերիների ու հետպատերազմական իրավիճակի հարցը
132 պատգամավորից քվեարկությանը մասնակցել են 84-ը, 4 հոգի դեմ է քվեարկել, 2 քվեաթերթիկ անվավեր է համարվել
Իրականացվում են սահմանների պահպանության համատեղ աշխատանքներ
Մանուկյանն իրավապահ մարմիններին կոչ է արել պահպանել հասարակական կարգը, չդառնալ քաղաքական գործիք