60 ռազմագերի, բռնի անհետացած 40 քաղաքացիական․ Արցախի ՄԻՊ-ն թարմացնում է ցուցակները

60 ռազմագերի, բռնի անհետացած 40 քաղաքացիական․ Արցախի ՄԻՊ-ն  թարմացնում է ցուցակները

PanARMENIAN.Net - Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հայտնել է, որ անընդհատ թարմացնում են գերիների վերաբերյալ ցանկերը՝ հրապարակված տեսանյութերի և հարազատների ներկայացրած այլ ապացույցների հիման վրա։

Նրա խոսքով՝ գտած տեսանյութերից արդեն առանձնացվել է գրեթե 60 ռազմագերի, որոնցից միայն փոքր մասի ինքնությունը դեռ չեն կարողացել պարզել:

«Էլ չեմ նշում վկայությունների, զանգերի և այլ ապացույցների հիման վրա հավաքագրվող տվյալները»,- գրել է նա:

Բեգլարյանը հայտնել է, որ առանձին փաստահավաք գործունեություն են իրականացնում նաև բռնի անհետացած քաղաքացիական անձանց մասով, որոնց թիվը հասնում է մոտ 40-ի:

Հավաքագրված բոլոր տվյալները պարբերաբար փոխանցվում են պետական ու միջազգային լիազոր մարմիններին՝ ակնկալելով արդյունավետ աշխատանք գերիների իրավունքների պաշտպանության ու վերադարձի ապահովման ուղղությամբ:

Սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը Լեռնային Ղարաբաղում թուրք-ադրբեջանական ուժերի սանձազերծած պատերազմ է ընթացել։ Այն ավարտվել է նոյեմբերի 10-ի ՀՀ, ՌԴ, Ադրբեջանի ղեկավարների ստորագրած եռակողմ հայտարարությամբ։ Այդ հայտարարության կետերից մեկով կողմերը պետք է փոխանակեն զոհվածների մարմիններն ու գերիներին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայնել է, որ գերիների փոխանակումը կկատարվի մարմինների փոխանակումից հետո։ Այդ գործընթացը սկսված է։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---