Գյումրիի Բարեկամության այգու ճարտարապետական լուծումների մշակման մրցույթի հաղթողները հայտնի են

Գյումրիի Բարեկամության այգու ճարտարապետական լուծումների մշակման մրցույթի հաղթողները հայտնի են

PanARMENIAN.Net - Գյումրիի Բարեկամության այգու ռեկրեացիոն ենթակառուցվածքի տարրերի ճարտարապետական լուծումների մշակման մրցույթի հաղթողները հայտնի են, տեղեկացնում է IDeA հիմնադրամը։

Նշվում է, որ վերականգնված և վերաիմաստավորված Բարեկամության այգին կդառնա մի յուրօրինակ հանրային վայր, որը կխթանի զբոսաշրջությունն ու կզարգացնի քաղաքի ենթակառուցվածքները: Երկրորդ փուլի արդյունքներով` ներկայացված 19 նախագծից ժյուրիի անդամներն ընտրել են հաղթողներին 3 անվանակարգում:

IND Architects մոսկովյան բյուրոն հաղթել է միաժամանակ երկու անվանակարգում՝ «Ստանդարտ ճարտարապետական տարրեր» և «Յուրօրինակ ճարտարապետական տարր»:

«Վերնիսաժի տաղավարների դիզայնը մշակելիս, ճարտարապետներն օգտագործել են հայկական ավանդական ճարտարապետությունում առկա զիգզագաձև տարրերը: Ներկայացված մոդուլները կարող են ձևափոխվել. գծայինը՝ ցուցահանդեսների և տոնավաճառների համար, ալիքաձևը՝ հանրային սննդի տարածքի համար, շրջանաձևը՝ նույն արհեստն ունեցող վարպետների թեմատիկ միավորման համար: Տաղավարների բազամազանությունը իրագործելի է ձևափոխվող փայտե կոնստրուկցիաների և ձգվող հովանիների շնորհիվ, որոնք իրենց նախշերով հիշեցնում են հայկական նրբաճաշակ գորգ: Վերնիսաժը նախատեսված է շուրջամյա գործածության համար»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Այգեգործության դպրոցի տաղավարի կոնցեպտը ոգեշնչված է քաղաքի արհեստագործության պատմությամբ և արտացոլում է ազգային արվեստների յուրահատկությունը: Մետաղական պրոֆիլներից կազմված ներքին կարկասը ստեղծված է օրթոգոնալ ցանցի հիման վրա, որը թույլ է տալիս տաղավարը դարձնել մոդուլային: Շարժական միջնապատերը կարող են ձևափոխել ինտերիերի տարածքը՝ ըստ միջոցառման անհրաժեշտ ձևաչափի. տոնավաճառ, վերնիսաժ, դասընթացներ, վարպետության դասեր, ազատ ժամանցի ապահովում: Տաղավարի տանիքը կծածկվի կանաչապատ տարածքով:

«Փոքր ճարտարապետական ձևեր» անվանակարգում հաղթել է SULIMAN, RAKOVSKAYA & SOFOYAN Հայաստանից և Ռուսաստանից համատեղ ներկայացված կոնսորցիումը: Այգու նստարանների դիզայնը մշակելիս ճարտարապետները ձգտել են գտնել առասպել և ներկայացնել Հայաստանի մշակութային ծածկագիրը: Փայտն ու կարծր քարը միաձուլվում են այնպես, որպեսզի փայտն ամբողջությամբ և հավասարապես բոլոր կողմերից կարողանա շնչել: Քարե հարթ մակերեսներին հնարավոր է զետեղել գեղարվեստական կամ տեղեկատվական գրաֆիկական հարթաքանդակներ, որոնք մարդկանց կպատմեն տեղանքի մասին: Նստարանի երկարությունը կարող է փոփոխվել կախված համատեքստից՝ հավաքվելով գծային և խմբային կոմպոզիցիաներով:

Այգին տեղակայված է քաղաքի հյուսիսային հատվածում՝ պատմական, բնակելի և արդյունաբերական թաղամասերի միջև: Քաղաքի կենտրոնական փողոցը միացնում է Գյումրիի բոլոր գլխավոր տեսարժան վայրերն ու հանրային տարածքները: Վերականգնված այգին կդառնա առաջին ժամանակակից կանաչ տարածքը տեղի բնակիչների և զբոսաշրջիկների համար ավելի հայտնի դարձող Գյումրի քաղաքի այդ հատվածում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---