Ադրբեջանը գերեվարված խաղաղ լիբանանահային ահաբեկչության մեղադրանք է ներկայացրել

Ադրբեջանը գերեվարված խաղաղ լիբանանահային ահաբեկչության մեղադրանք է ներկայացրել

PanARMENIAN.Net - Ադրբեջանը մշտապես թիրախավորել է լիբանանահայերին և սիրիահայերին՝ փորձելով նրանց պաշտոնապես ներկայացնել որպես ահաբեկիչների՝ չխնայելով անգամ Բեյրութում օգոստոսի 4-ին պատահած խոշոր աղետից տուժածներին։ Այդ ժամանակ Ադրբեջանի ԱԳՆ-ն դիմել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և փորձել լիբանանահայ մի քանի ընտանիքի Արցախ տեղափոխվելը ներկայացնել որպես միջազգային հումանիտար իրավունքի նորմերի խախտում։

Դեկտեմբերի 2-ին էլ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել՝ երկու լիբանանցու մեղադրելով «ահաբեկչական գործողություններ կատարելու համար»։

Կառույցը հայտարարել է՝ իբրև թե հետաքննության ընթացքում ձեռք են բերվել «հիմնավոր կասկածներ»՝ նրանց մարտական գործողություններին մասնակցելու և ահաբեկչական գործողություններ կատարելու հարցերով։ Գերեվարված Վիգեն Էուլջեկչյանը մեղադրվում է 5՝ վարձկանության, ահաբեկչության, հրազենային զենքերի և զինամթերքի անօրինական իրացման, անօրինական զինված խմբավորումների ստեղծման, Ադրբեջանի սահմանն ապօրիանաբար հատելու հոդվածներով։ Հովակ Քիքիյանին մեղադրանք առաջադրելու մասին հիշատակում չկա։ Նշվում է, որ հետաքննություն է ընթանում։

Ավելի ուշ՝ դեկտեմբերի 3-ին, PanARMENIAN.Net ի հետ կապ հաստատած Հովակիմ Քիքիյանը տեղեկացրեց, որ նա գերեվարվածների թվում չէ, գտնվում է Հայաստանում և բնականաբար ահաբեկիչ և վարձկան չէ, ինչպես իրենց ներկայացնում է ադրբեջանական կողմը։

Էուլջեկչյանը եղել է այն մարդկանց թվում, որոնք ընտանիքով Արցախ էին տեղափոխվել՝ արտոնյալ պայմաններով բնակություն հաստատելու։

PanARMENIAN.Net ի հետ զրույցում Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի խոսնակ Ամալյա Կարապետյանը հայտարարեց, որ այս պահին տիրապետում են ադրբեջանցիների կողմից երկու գերեվարվածի անձնական տվյալների։ Նրանցից մեկը հենց Վիգեն Էուլջեկչյանն է, որը խաղաղ բնակիչ է եղել և գերեվարվել է նոյեմբերի 10-ին Շուշիում։

Մյուսը Վիգեն Էուլջեկչյանի բարեկամ Մարալ Նաջարյանն է՝ կին։

«Մեր գրասենյակում ունենք այս երկու լիբանանահայի անհետացման մասին տվյալները, ենթադրաբար` գերեվարվել են Շուշիում նոյեմբերի 10-ին, երբ Գորիսից մեկնել են՝ իրենց իրերը վերցնելու, և այդ ընթացքում Շուշին փաստացի գտնվել է Ադրբեջանի տիրապետության տակ»,- ասաց նա՝ նշելով, որ դա փաստացի եղել է հայտարարության ստորագրման հաջորդ օրը։

Մարալ Նաջարյանի հեռախոսը վերջին անգամ միացված է եղել նոյեմբերի 24-ին։

«Թուրք կամ ադրբեջանցի տղամարդ է պատասխանել, ապա նամակի միջոցով հայտնել է, որ Մարալը գերի է, ապա ասել է՝ սպանված է, և այլ տեղեկատվություն չի տրամադրել, սպառնացել է, որ այլևս չզանգահարեն։ Իսկ Վիգենի հետ մինչ այս որևէ կապ հաստատել հնարավոր չի եղել»,- նշեց Կարապետյանը։

Թե Նաջարյանը, թե Էուլջեկչյանը եղել են բացարձակ խաղաղ բնակիչներ, և ոչ թե ահաբեկիչներ։

Երրորդ անունը, որը հիշատակվում է Ադրբեջանի պետական ծառայության հաղորդագրության մեջ, անծանոթ է գրասենյակին․ «Նոր անվան հետ կապված` դեռևս ամբողջական տեղեկատվություն չունենք անհետացման պայմանների մասին»։

«Երկու դեպքում էլ ընտանիքի անդամներն են մեզ դիմել և պատմել են եղելությունը։ Մենք հնարավորը հավաքել ենք և տրամադրել ՄԻՊ գրասենյակներին և Հայաստանում Լիբանանի դեսպանատանը»,- ասաց գրասենյակի ներկայացուցիչը։

Գրասենյակը հետաքննում է և փորձում հասկանալ, թե ինչ տարբերակներով է հնարավոր պատկան մարմինների միջոցով օգնել գերեվարված լիբանանահայերին և նրանց ընտանիքներին։

Նաջարյանի հարցով Լիբանանի կառավարությունը միջնորդություն է ներկայացրել Բեյրութում Ադրբեջանի դեսպանություն և պահանջել ներկայացրել տեղեկություններ իր քաղաքացու ճակատագրի և անվտանգության վերաբերյալ։

Ամալյա Կարապետյանը տեղեկացրեց նաև, որ գերեվարված լիբանանցիների անունները համացանցում հրապարակելը օգնում է ադրբեջանական կողմին նույնականացնել նրանց, ինչը վտանգավոր է հենց նրանց անվտանգության համար։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---