Բելգիայի խորհրդարանի կոմիտեի կոչը՝ դուրս բերել ադրբեջանական ուժերը ԼՂ-ից և որոշել տարածաշրջանի կարգավիճակը

Բելգիայի խորհրդարանի կոմիտեի կոչը՝ դուրս բերել ադրբեջանական ուժերը ԼՂ-ից և որոշել տարածաշրջանի կարգավիճակը

PanARMENIAN.Net - Բելգիայի Դաշնային խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հավանություն է տվել բանաձևին, որով «դատապարտում է Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան Լեռնային Ղարաբաղի դեմ և կոչ է անում շուտափույթ որոշել ԼՂ վերջնական կարգավիճակը»։

Բանաձևի տեքստում նշվում է, որ «հրադադարի մասին նոյեմբերի 9-ի հայտարարությունը չի լուծել տարածաշրջնում առկա լուրջ խնդիրները»։ Խորհրդարանականները դատապարտել են «Թուրքիայի և օտարերկրյա վարձկանների աջակցությամբ Ադրբեջանի ագրեսիան Լեռնային Ղարաբաղի դեմ»։ Բանաձևը կոչ է անում դուրս բերել ադրբեջանական ուժերը Լեռնային Ղարաբաղից և վերադառնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում տարածաշրջանի կարգավիճակի շուրջ բանակցություններին, գրում է ՏԱՍՍ-ը։

Նաև կոչ է արվում ամեն ինչ անել, որպեսզի Թուրքիան դադարեցնի իր միջամտությունը Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին և զերծ մնա «տարածաշրջանում ապակայունացնող դերակատարումից»։

Խորհրդարանականները նաև կարծում են, որ Ղարաբաղում պետք է լինեն միջազգային ուժեր, այդ թվում «աջակցելու համար խաղաղության պահպանմանը և ռազմական հանցագործությունների հետաքննմանը»։ Նրանք նաև կոչ են արել Բելգիայի կառավարոթյանը ԵՄ հետ համատեղ հումանիտար օգնություն ցուցաբերել ղարաբաղցի փախստականներին։

Բանաձևով նաև կոչ է արվում հետաքննել ռազմական հանցագործությունները և մեղավորներին պատասխանատվության ենթարկել։ Պատգամավորները պահանջել են նաև վերադարձնել գերիներին և փոխանակել զոհվածների մարմինները՝ ըստ Ժնևի կոնվենցիայի։

Այժմ բանաձևը պետք է դրվի դաշնային խորհրդարանի ընդլայնված նիստի հաստատման, որից հետո այն պետք է քննարկի երկրի կառավարությունը։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։

 Ուշագրավ
Նշվում է նաև, որ տեղի է ունեցել կարծիքների կառուցողական փոխանակում։
Կողմերն անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին
Ավելի վաղ ԱՀ նախագահը հանդիպել էր Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ
Նա նշել է, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը չի կարող անտարբեր և լուռ մնալ
---