Թուրքիայի ՊՆ․ ԼՂ գծով ՌԴ հետ համատեղ կառուցվող կենտրոնում նաև գեներալներ կծառայեն

Թուրքիայի ՊՆ․ ԼՂ գծով ՌԴ հետ համատեղ կառուցվող կենտրոնում նաև գեներալներ կծառայեն

PanARMENIAN.Net - Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի մշտադիտարկման համատեղ ռուս-թուրքական կենտրոնի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են։

«Ընթացքի մեջ է համատեղ կենտրոնի կառուցումը, զինվորականները շուտով կսկսեն կատարել իրենց պարտականությունները։ Կենտրոնում ծառայելու են թուրք և ռուս սպաներ, այդ թվում՝ գեներալներ։ Նրանք կհամագործակցեն հրադադարի ռեժիմի պահպանման հարցում»,- ասել է Աքարը, գրում է ՏԱՍՍ-ը։

Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Անկարան և Մոսկվան տեխնիկական բանակցությունների արդյունքում համաձայնագիր են կնքել Լեռնային Ղարաբաղում հրադադարի մշտադիտարկման համատեղ կենտրոնի ստեղծման մասին։ ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը նշել էր, որ կենտրոնը «լինելու է Ադրբեջանի տարածքում», իսկ «ռուս և թուրք անձնակազմի քանակը հավասարազոր է լինելու»։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---